Մատչելիության հղումներ

Կարապետյանի կալանքի երկարաձգումն առնչվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածին. տնտեսական հոդվածներով մեղադրանքը դատարանը չհաստատեց


Երեք հոդվածներով մեղադրվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը ևս 30 օր կմնա ԱԱԾ մեկուսարանում: Այս որոշումը կայացրեց հակակոռուպցիոն դատարանը երկու օր ձգված քննության արդյունքում։ Դատարանն, ըստ էության, մասնակի բավարարեց երկու ամսվա կալանք պահանջող Քննչական կոմիտեի միջնորդությունը:

Դատավորը որոշումը հրապարակեց կեսգիշերն անց: Հակակոռուպցիոն դատարանի բակը մարդաշատ էր. այս որոշմանը սպասող Կարապետյանի աջակիցներին ու լրագրողներին փաստաբան Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ չնայած դատարանն ազատ չարձակեց Կարապետյանին, բայց կարևոր շեշտադրում արեց. այն է՝ Կարապետյանին վերագրվող հարկերը, տուրքերը չվճարելու ու փողերի լվացման հոդվածներով մեղադրանքը չի հատել կասկածի շեմը. սա նշանակում է, որ դատավորն այս երկու տնտեսական հոդվածներով մեղադրանքը հաստատելու անգամ կասկածներ չի հայտնաբերել:

«Այսինքն՝ տնտեսական բնույթի այն արարքները, որոնք ի սկզբանե ասում են, որ սա աբսուրդ է, որ սա արվում է մեկ նպատակով, որ ուղղակի 14-15 հատոր նյութ սարքեն արհեստական, դատարանն այդ մասով համաձայն է, բայց թե ոնց է ստացվում, որ կոչով ևս 30 օր պետք է կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք», - ասում է փաստաբան Արամ Վարդևանյանը։


Արդեն 4 ամիս ճաղերից այն կողմ գտնվող 60-ամյա գործարարը իրավապահների թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցուն իշխանության քննադատությունից պաշտպանելուց հետո:

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին», - հայտարարել էր Սամվել Կարապետյանը։

Այս հարցազրույցից հետո Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով: Փաստաբանի փոխանցմամբ՝ դատարանի գիշերվա որոշումը հենց այս մեղադրանքին էր վերաբերվում:

«Հայաստանի Հանրապետությունում այս բառերի համար այլևս ֆիքսենք, որ կան դատական ակտեր, որ անձը պետք է շուրջ հինգ ամիս լինի կալանվորված «մեր ձևով» եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու այս նախադասության, այս բառերի համար և դրան բացատրություն գտնել չկա»։, - շեշտում է Վարդևանյանը։

Կարապետյանի համար ճակատագրական դարձած «Մեր ձևով կանենք» արտահայտությանը ամռանը սուր էր արձագանքել վարչապետ Փաշինյանը: Գործարարի հարցազրույցից կարճ ժամանակ անց սկսեց ֆեյսբուքում գրառումներ անել:

«Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ», «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա», - գրել էր վարչապետը։

Ժամեր անց արդեն Կարապետյանը մեղադրյալի կարգավիճակ ուներ:

Այժմ նրա աջակիցները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է, մինչդեռ իրավապահները հակադարձում են՝ գործարարը օրենք է խախտել: Կարապետյանի աջակիցները պատրաստվում են նրա ազատ արձակման պահանջով շաբաթավերջին հանրահավաք անցկացնել:

XS
SM
MD
LG