Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ահազանգում են. 4 ամսվա ընթացքում 10-րդ մահը՝ բանտում


«Նուբարաշենի» բանտում կալանավոր է ինքնասպան եղել։ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են՝ երեկ՝ 11:20-ի սահմաններում, 54-ամյա Զ․Խ․-ն ինքնաշեն պարանով կախվել է։ Այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն 10-րդ մահն է բանտերում, 5-րդ ինքնասպանությունը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին մտահոգում է, որ խնդիրները լուծելու փոխարեն փորձ է արվում կոծկել, փակել դրանք, ավելին՝ կեղծ տեղեկատվություն տարածելով էլ ավելի են վատթարացնում արդեն իսկ վատ վիճակը, ասում է նա. «Շարունակում եմ պնդել, որ քրեակատարողական հիմնարկներում վիճակը շատ է վատթարացել հենց այս իշխանությունների օրոք: Այսպիսի վիճակ ես չեմ հիշում ոչ մի ժամանակ»:

«Հատկապես «Նուբարաշենում», որտեղ պայմաններն անտանելի են՝ սննդի, առողջական խնդիրների, տարրական հիգիենայի պայմաննները բացակայում են, ի՞նչ պիտի առաջանա: Նրանք էլ են մարդ: Մեկ այլ տեղեկություն էլ ունեմ՝ հացադուլի մեջ գտնվող անձը ևս փորձել է ինքնասպանություն փորձել: Նրան էլ են փրկել», - հավելեց իրավապաշտպանը:

Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին՝ ինքնասպանության ևս մի փորձ կանխվել է: Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդում։ Ի դեպ, հենց իրավապաշտպան Ալեքսանյանի հետ զրույցի ժամանակ հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներից մեկը զանգահարեց նրան և գանգատվեց՝ վատ է զգում իրեն, բուժանձնակազմն անտարբեր է, ընդամենը մեկ անգամ են այցելել։ Բանտարկյալի հետ զրույցը չենք հրապարակում՝ անվտանգության նկատառումներով։

Ապրիլի 21-ի տվյալներով՝ «Նուբարաշենում», պաշտոնական տվյալներով, կա 391 կալանավոր, 183 դատապարտյալ:

Մոտ 20 օր առաջ բանտից ահազանգել էին, որ դաժան ծեծի են ենթարկվել ցմահ բանտարկյալները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրավաչափ, համարժեք պատասխանից բացի, որևէ այլ բան չի կարող կիրառվել։

Իրավապաշտպան Ալեքսանյանին դեռ այն ժամանակ էր վրդովեցրել նախարարի այս խոսքերը, երբ առանց ծառայողական քննության Գալյանը արդեն եզրակացություններ էր արել։ Իրավապաշտպանը շարունակում է պնդել՝ հատկապես «Նուբարաշենում» վիճակը սարսափելի է:

«Ինձ ասել են, որ մեկ ամսից ավելի է՝ այսպիսի իրավիճակ է ոչ միայն ցմահների, այլև ներքևի հարկերի, բիրտ ուժ է կիրառվում դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ: Այդպես չի կարող շարունակվել, չեք պատկերացնի՝ ինչքան ահազանգեր ենք ստանում, շատ-շատ և հատկապես «Նուբարաշենից»: Հետո ի՞նչ, որ դուք արդարանում եք, որ նոր բանտ պետք է կառուցել: Դե ուրեմն նորմալ վարվեք գոնե նրանց հետ: Բարձրաձայնում եմ ես այս հարցերը մտահոգությունից առաջին հերթին, որովհետև այնտեղ մարդիկ են, և սա գլխավոր հարցն է, որ պիտի հասկանան, որ այդ ՔԿՀ-ներում իրենց պատիժը մարդիկ են կրում», - ասաց Ալեքսանյանը:

«Նուբարաշենի» բանտում բռնության ու կենցաղային անտանելի, հակահիգիենիկ պայմանների մասին փաստել էին նաև անկախ դիտորդները, որոնք տեղից լուսանկարներ էին հրապարակել։

Պարբերաբար բանտերից զանգեր ստացող Ալեքսանյանը պնդում է՝ փակ ռեժիմի տակ գտնվող մարդն արժանանում է խտրական վերաբերմունքի, բախվում է անլուծելի խնդիրների, ստիպված դիմում ծայրահեղ քայլերի՝ հացադուլի, ինքնասպանության։

Անցած տարվա վիճակագրությունն էլ մտահոգիչ էր՝ 12 մահ, հացադուլի դիմած 298 և ինքն իրեն վնասած 200 բանտարկյալ։ Իրավապաշտպանները պնդում են՝ այս թվերը այն մասին են, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում նվազագույնի հասցնելու բանտերում մահվան, ինքնավնասումների վիճակագրությունը։


XS
SM
MD
LG