Մատչելիության հղումներ

Բռնություն, ջարդված մահճակալներ, փչացված գույք. «Նուբարաշենի» բանտում դիտորդների արձանագրածը


Լուսանկարը՝ դիտորդական խմբի
Լուսանկարը՝ դիտորդական խմբի

Բռնություն, դաժան ծեծ, կեղտոտ անկողիններ, ջարդված մահճակալներ, փչացված գույք. «Նուբարաշենի» բանտում այս բողոքներն են արձանագրել դիտորդական անկախ խմբի անդամները: Հրատապ զեկույցում տարածել են նաև բռնության հետևանքով կապտուկների, ջարդված գույքի, հակահիգիենիկ, անխնամ խցերի լուսանկարները:

«Մենք ուժի կիրառում ենք տեսել՝ հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների ներգրավմամբ, որն ունի ակնհայտ դաժանության հետքեր, և դա պետք է հիմնավորվի ամեն մի դրվագով, որպեսզի դիտարկենք նաև ուժի կիրառման համաչափությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարությունը հերքում է բռնությունը։

Լուսանկարը՝ դիտորդական խմբի
Լուսանկարը՝ դիտորդական խմբի



Դիտորդներին «Նուբարաշեն» էր տարել ցմահների ահազանգը. օրերս նրանք օգնության խնդրանքով դիմել էին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, պնդել, որ բանտի ղեկավարության բերած շուրջ 40 հատուկ ջոկատայիններն առանց պատճառի հարձակվել էին իրենց վրա, ծեծել, կոտրել գույքը:

Դիտորդներից Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ բռնությունն այնքան դաժան էր, որ բանտի աշխատակիցներից մեկն իր մարմնով սկսել է պաշտպանել բանտարկյալին:

«Այն անձինք, ովքեր ամենօրյա ռեժիմով կարողանում են իրականացնել ծառայություն, շփվում են ազատությունից զրկված անձանց հետ, փաստացիորեն փորձել են իրենց ծառայության շրջանակներում օգնել, փրկել, պահպանել այդ մարդկանց կյանքը, առողջությունը հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից», - ասաց Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ դիտորդական խմբի
Լուսանկարը՝ դիտորդական խմբի

Բանտարկյալները դիտորդներին պատմել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ զբոսանքի ժամին երգել են հայրենասիրական, նաև՝ օտար լեզվով երգեր: Բանտի ղեկավարությանը, սակայն, օտարալեզու երգերը դուր չեն եկել, պահանջել են լռել: Ըստ հաղորդումների՝ խնդրո առարկա երգը հայտնի «դոլյա վառավսկայան» է եղել:

Ըստ ՔԿ-ի՝ դատապարտյալներից մեկն էր սրել իրավիճակը


Ոչ թե օտարալեզու երգերի, այլ մյուսներին երգելով խանգարելու, ինչպես նաև այլ պատճառներով են ֆիզիկական ուժ կիրառել՝ «Ազատությանը» հայտնել էին հենց Քրեակատարողական ծառայությունից, հավելել՝ դատապարտյալներից մեկը սրել էր իրավիճակը, ներկայացրել անօրինական պահանջներ, օրինակ՝ մշտապես բաց պահել կերակրադռնակը, օրենքով հատկացված զբոսանքի ժամանակը երկարացնել:

«Ընդամենը ստանդարտ գործողություն խցերի խուզարկության հետ կապված, և դատապարտյալները փորձել են բողոքի ակցիա իրականացնել ոչ իրավաչափ մեթոդներով՝ այրել են գույքը խցի, որի իրավունքը նրանք չունեն, որին հետևել է համապատասխան վերաբերմունքը՝ լիազորությունների շրջանակներում: Այսինքն՝ որևէ լիազորության վերազանցում այս պահի դրությամբ չկա ֆիքսված», - «Ազատությանը» փոխանցեց արդարադատության նախարարը:

Սրբուհի Գալյանը դեպքից մեկ օր անց շտապել էր պաշտպանել բանտի ղեկավարության որոշումը: Համաչափ ուժ են կիրառել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում. որոշել են պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ բանտ: Դրանից հետո որոշ կալանավորներ ու դատապարտյալներ այրել էին ներքնակները, վնասել խցերի գույքը, հարվածել դռներին:

Լուսանկարը՝ դիտորդական խմբի
Լուսանկարը՝ դիտորդական խմբի

«Մեր խմբի ներկայացուցիչների այցի ընթացքում այրված իրեր չեն հայտնաբերվել՝ այդպիսի խոշորածավալ», - ասաց Զարուհի Հոցհաննիսյանը։

Կատարվածի, ինչպես նաև հացադուլավորների խցային վատ պայմանների վերաբերյալ դիտորդների խումբը մի շարք հարցեր է հղել Արդարադատության նախարարություն ու Քրեակատարողական ծառայություն, բայց սահմանված եռօրյա ժամկետում պատասխան չի ստացել:

Իրավապաշտպանը պնդում է՝ քանի դեռ Քրեակատարողական ծառայությունը բիրտ ուժ կիրառելու հիմնավոր ու ծանրակշիռ փաստարկներ չի բերել, դիտորդների խումբը մեկ տեսակետ ունի․ «Այդ ի՞նչ հրատապ խնդիրներ էր, ի՞նչ հրատապ գործողության կարիք կար, որ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին էին ներգրավել և իրականում իրականացրել են բավական դաժան գործողություն, որը մենք չենք կարող համարել, որ այս գործողություններն եղել են իրավաչափ և համաչափ», - ասաց Հովհաննիսյանը։

Բանտում տեղի ունեցածի փաստով քրգործ է հարուցվել, նախարարությունում էլ ծառայողական քննություն է նշանակվել


Արդարադատության նախարարությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ բանտում տեղի ունեցած գործողությունից հետո հարուցվել է քրեական գործ, իսկ նախարարությունում էլ նշանակվել է ծառայողական քննություն: Գործը հարուցել են բանտարկյալների դեմ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և բանտում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու հոդվածներով:

Այսօր նաև հակադարձեցին դիտորդներին. բռնության վերաբերյալ դիտորդների խումբը ներկայացրել է անազատության մեջ պահվող անձանց մեկնաբանությունները, ոչ թե պնդում են արել հենց իրենք՝ դիտորդները: Ըստ նախարարության՝ իրենց զննություններով կոտրվածքներ ստացածներ չկան: Պնդում են՝ խցերում կոտրված մահճակալներ չկան, նաև ընդունում են, որ բանտը 40 տարի առաջ է կառուցվել ու չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին, և դրա նորոգման, բարելավման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Դիտարկվում է նաև նոր բանտի կառուցումը:

Լուսանկարը՝ դիտորդական խմբի
Լուսանկարը՝ դիտորդական խմբի
XS
SM
MD
LG