Մատչելիության հղումներ

Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե դրանք պետք է տեղի ունենան հրամանների ու սպառնալիքների ներքո


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, կոլաժ, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, կոլաժ, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ մերժում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե դրանք պիտի տեղի ունենան հրամանների ու սպառնալիքների ներքո։

«Անընդունելի է, երբ ասում են՝ «մենք ձեզ հրամայում ենք այս չանել, այն չանել, այլապես՝ մենք սա կանենք»։ Եթե այդպես է, ապա ես ընդհանրապես չեմ գալու ձեզ հետ բանակցելու։ Գնացեք և ինչ ուզում եք արեք», - ասել է Իրանի նախագահը։

Սա Փեզեշքիանի առաջին հրապարակային արձագանքն էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով անցած շաբաթ հայտարարել էր, թե ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել, և որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին։ Նամակի բովանդակության մասին Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ չէր հայտնել, բայց պնդել էր՝ հարցը կլուծվի կա՛մ բանակցություններով, կա՛մ ռազմական ճանապարհով։ «Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ», - ասել էր Թրամփը։

«Հուսով եմ, որ մենք կարող ենք խաղաղության համաձայնագիր ունենալ։ Գիտեք, ես չեմ խոսում ուժից կամ թուլությունից։ Ես պարզապես ասում եմ, որ նախընտրում եմ տեսնել խաղաղ համաձայնագիրը, քան դրա այլընտրանքը», - ընդգծել էր ԱՄՆ նախագահը։

Այսօր Իրանի արտգործնախարարը հայտնել է, թե նամակը դեռ Թեհրան չի հասել, մանրամասնել, որ այն միջնորդներն են տեղ հասցնելու։ «Նամակը գրվել է, բայց մեզ դեռ չի հասել։ Ակնկալվում է, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչն այն շուտով Թեհրան կհասցնի», - ասել է Աբբաս Արաղչին։

Մինչ այդ, սակայն, այաթոլա Ալի Խամենեին արդեն հայտարարել է, թե Իրանին հնարավոր չէ ճնշումներով բերել բանակցությունների։

Նախագահության առաջին շրջանում՝ 2018-ին, Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ վեց գերտերությունների և Իրանի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ։ Հիմա էլ հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանի հրաժարվի միջուկային նկրտումներից։ Իրանը պնդում է, թե այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։

«Մենք պետք է հարաբերություններ ունենանք աշխարհի հետ, մենք ոչ մեկի հետ չենք ուզում կապերը խզել, մենք ոչ մեկի հետ չենք ուզում կռվել: Բայց մենք չպետք է խոնարհվենք որևէ մեկի առաջ: Եթե նրանք արժանապատվորեն մոտենան, մենք արժանապատվորեն կխոսենք», - ընդգծել է Իրանի նախագահը։

Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփն Ազգային անվտանգության հուշագիր ստորագրեց, որով, ինչպես Սպիտակ տունն էր ձևակերպել, ԱՄՆ-ը փակում է միջուկային զենք ստանալու Թեհրանի բոլոր ուղիները: Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում՝ պատժամիջոցներ կիրառելով դրանք շրջանցողների նկատմամբ։ «Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», - հայտարարել էր Սպիտակ տան խոսնակը։

«Թրամփի վարչակազմը կխոսի մեր հակառակորդների և դաշնակիցների հետ, բայց դա միշտ կանի ուժի դիրքերից՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը։

Մի քանի օր առաջ Bloomberg-ը, հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային, գրեց, թե ամերիկյան կողմը Մոսկվային է դիմել Իրանի հետ կապ հաստատելու հարցով, և ռուսները խոստացել են աջակցել։ Ըստ գործակալության, Դոնալդ Թրամփն անձամբ է այդ հարցը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ՝ փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ զրույցից շաբաթներ անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել էր Թեհրան, ներկայացրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման մանրամասները։

«Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ը և Իրանը բոլոր խնդիրները պետք է լուծեն բանակցությունների միջոցով, Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել՝ դրան հասնելու համար», - Bloomberg-ին ասել է Կրեմլի խոսնակն՝ առանց հավելյալ մանրամասների։

Թեհրանը ևս չէր հերքել Ռուսաստանի միջնորդության հնարավորությունը: Բնական է, որ երկրներն իրենց օգնությունն են առաջարկում, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը. -
«Հաշվի առնելով այս հարցերի կարևորությունը՝ հնարավոր է, որ շատ կողմեր ​բարի կամք և պատրաստակամություն ցուցաբերեն՝ օգնելու լուծել տարբեր խնդիրներ»։

Թե ուր են հասել այդ բանակցությունները, հստակ չէ։ Այս փուլում հայտնի է, որ առաջիկա ուրբաթ Պեկինում կհանդիպեն Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները։ Պեկինն այսօր հայտարարել է, թե կողմերը «կարծիքներ կփոխանակեն Իրանի միջուկային հիմնախնդրի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։



Մի շարք փորձագետներ պնդում են, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելով՝ Արևմուտքը կարող է դուրս բերել Թեհրանին Ռուսաստանի ու Չինաստանի հետ սերտ համագործակցությունից։ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն անցած շաբաթ հորդորել էր Իրանին ու Միացյալ Նահանգներին նստել բանակցությունների, մանրամասնելով, որ արդեն քննարկում է այս հարցը Սպիտակ տան պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ միջազգային այդ կառույցը նախազգուշացրել էր՝ Իրանի՝ միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ հարստացված ուրանի ծավալներն աճել են ավելի քան 50 տոկոսով։



XS
SM
MD
LG