Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թրամփը կրկին հույս է հայտնել մոտ ապագայում Իրանի հետ միջուկային գործարքի հասնելու համար:
«Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ», Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ «շատ շուտով ինչ-որ բան տեղի կունենա»։:
Նախօրեին Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Թեհրանին՝ ընդգծելով, թե հույս ունի՝ Իրանում երկխոսությանը պատրաստ են:
«Հուսով ենք, որ մենք կարող ենք խաղաղ համաձայնագիր ունենալ», - ասել է Թրամփը, ով ավելի վաղ զգուշացրել էր՝ բանակցություններ չսկսելու դեպքում ամերիկյան վարչակազմը քայլերի կդիմի՝ «Իրանի հետ վարվելու երկու տարբերակ կա, մեկը ռազմական ճանապարհն է, մյուսը՝ գործարք կնքելը»:
Դոնալդ Թրամփն այսօր նաև նշել է. - «Ես չեմ խոսում ուժից կամ թուլությունից. Ես պարզապես ասում եմ, որ ավելի լավ է խաղաղ համաձայնագիր տեսնել, քան մյուսը: Բայց մյուսը կլուծի խնդիրը»։
Պաշտոնական Թեհրանից ավելի վաղ արձագանքել էին Թրամփին: Արտգործնախարար Աբբաս Արաղչին AFP-ին ասել է՝ Իրանը չի վերսկսի Ամերիկայի հետ ուղիղ բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ նախագահ Թրամփը կիրառում է իր «մաքսիմում ճնշման» քաղաքականությունն ու սպառնալիքները: