Մատչելիության հղումներ

Բաքվում այսօր մեկնարկում է Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատաքննությունը


Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան
Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան

Այսօր Բաքվում մեկնարկում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատաքննությունը կընթանա Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Նշվում է, որ 15 հայերի՝ Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, Դավիթ Մանուկյան, Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։

Բաքուն նշում է, որ բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող այլ անձանց վերաբերյալ քրեական գործն առանձնացվել է և կքննվի առանձին վարույթով և որ այս գործով նախաքննությունը շարունակվում է։

Բաքուն հայտարարում է, որ Հայաստանին հրավիրում է համագործակցության՝ նշելով, որ «լուրջ հիմքեր ունեն, որ այս հետաքննության հետ կապված բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաներ գտնվում են Հայաստանի տարածքում»։

Այս առաջարկը Բաքուն ավելի վաղ էլ էր արել, երբ հայտարարեց, որ Արցախի նախկին պաշտոնյաների մեղադրականներն ուղարկվել են զինվորական դատարան։ Հայաստանի գլխավոր դատախազությունը չի մեկնաբանել Ադրբեջանի այս առաջարկը։

Այսօր մեկնարկում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Այս գործը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Դատավարությանն ընդառաջ Ռուբեն Վարդանյանը երեկ նախօրեին հայտարարել է, որ իր փաստաբանին և թարգմանչին ստիպել են ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ:

Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ գերեվարվեց, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։

Երևանում այսօր մի շարք բողոքի ակցիաներ են նախատեսված ի պաշտպանության Արցախի նախկին ղեկավարների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG