Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ. Սերդար Քըլըչ


«Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ», - Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է, թե՝ ոչ:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, մասնավորապես մայր օրենքից Անկախության հռչակագրի մասին հղումը դուրս բերելու պահանջ ներկայացնում է Ադրբեջանը: Հռչակագրում նշվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման ու ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաև ամրագրվում է, որ Հայաստանը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, սակայն Բաքուն պնդում է, որ պայմանագիրը չի ստորագրի, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել:

«Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Հայաստանը հայտարարել է, որ իրենք նույնպես ցանկանում են փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ, բայց սա Հայաստանի ներքին հարցն է, Հայաստանի ժողովուրդը և ինստիտուտները պետք է որոշեն ինչպես և երբ իրականացնել այդ փոփոխությունները»,- այսօր Անթալիայում ավելի ուշ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ասել է Սերդար Քըլըչը:

Սերդար Քըլչի այսօրվա հայտարարությունից նաև տեղեկանում ենք, որ Աթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ այդ հանդիպումը նախատեսված է վաղը:

Քըլըչն ու Ռուբինյանը քննարկել են Անիի կամրջի վերականգման հարցը

Այսօր ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը X-ում տեղեկացրել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է ի պաշտոնակից Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանը ընդամենը գրել էր, թե «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում են ունեցել Սերդար Քըլըչի հետ»:

Մինչդեռ թուրք դիվանագետը մանրամասներ է հաղորդել այդ հանդիպումից նշելով, որ Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկել են Անիի կամրջի վերականգման հարցը: Այս հարցը նոր չէ հայ - թուրքական հարաբերություններում, սակայն տարիներ շարունակ որևէ առարկայական տեղաշարժ չկա:

Սերդար Քըլըչն, ի դեպ, դժվարացել է ասել, թե երբ տեղի կունենա Ռուբինյանի հետ իրենց հաջորդ հանդիպումը:

Ավելի վաղ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն էր հանդիպել իր թուրք պաշտոնակցի հետ՝ իքսում հայտնելով, որ կարևոր քննարկում է ունեցել Այշե Էքինջիի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հնարավոր համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար։

Հայաստանն ու Թուրքիան շուրջ երեք տարի առաջ պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց անգամ այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել:

Անկարան հայ - թուրքական կարգավորումը մշտապես պայմանավորվում է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք Անթալիայի ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ հանդիպում: Հայտնի է, սակայն, որ վաղը Արարատ Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնակիցների հետ մասնակցելու է «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։



XS
SM
MD
LG