«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից և [Ադրբեջանին ուղղված] տարածքային պահանջների վերացումից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ խոչընդոտ չի մնա», - այսօր Անթալյաում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
APA գործակալության փոխանցմամբ, Բայրամովը Մինսկի խումբը «հակամարտության մնացուկ» է անվանել։
Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը կրկնել է նաև Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը։
«Սա Ադրբեջանի հետևողական և երկարաժամկետ մոտեցումն է, և հայկական կողմը դրա մասին տեղյակ է», - նշել է Բայրամովը։
Հայաստանի արտգործնախարարն արձագանքեց, թե Մինսկի խումբը կողմերը կարող են լուծարել պայմանագրի ստորագրման հենց նույն օրը, անգամ ստորագրումից տասը րոպե հետո:
Անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ պնդմանը, թե Հայաստանի Սահմանադրությունը դրանում հիշատակված Անկախության հռչակագրի պատճառով տարածքային պահանջ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, Միրզոյանը հայտարարեց՝ Հայաստանի Մայր օրենքում որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, կա ընդհանուր բնույթի հղում Անկախության հռչակագրին:
Միրզոյանը հիշատակեց անցած սեպտեմբերին Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի՝ Անկախության հռչակագիրը իրավական նշանակություն չունի:
Քննարկմանը մասնակցում էր նաև Վրաստանի արտգործնախարարը: