ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ն այսօր Կարմիր խաչի միջոցով Իսրայելին փոխանցեց 2023-ի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ գերեվարված 4 պատանդների մարմինները:
Իսրայելա-պաղեստինյան ճակատում հրադադարի համաձայնությունից հետո սա մարմինների փոխանցման առաջին դեպքն է։
Իսրայելում Բիբասների ընտանիքը հոկտեմբերի 7-ի հարձակման ողբերգական օրվա խորհրդանիշն են համարում։ Գերիների ազատ արձակման պահանջով ցույցերի ժամանակ իսրայելցիները նարնջագույն փուչիկներ էին բարձրացնում՝ հիշեցնելով Բիբասների շիկահեր փոքրիկների մասին։ Ամբողջ ընտանիքը զինյալների կողմից առևանգվել էր Իսրայելի Նիր Օզ բնավայրից։ Հայրը այս ամսվա սկզբին ազատ էր արձակվել, ավելի ուշ պարզվեց, որ կինն ու երեխաները սպանված են:
Իսրայելի նախագահը X-ի էջում ներողություն է խնդրել, որ «չկարողացա ձեզ վերադարձնել ողջ և առողջ»:
«Համաս»-ը մարմինները փոխանցելուց առաջ մեկ անգամ ևս պնդել է, որ մայրը և երեխաները մահացել են գերեվարվելուց հետո՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով։
Պաղեստինցիները, որոնք այսօր հետևում էին մարմինների փոխանցմանը, վախենում են, որ ռազմական ակտիվ գործողությունները նորից կվերսկսվեն Գազայում, որտեղ արդեն միայն ավերակներ են։