Իսրայելն ԱՄՆ-ից MK-84 ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել։ Reuters-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է զինամթերքի արտահանման արգելքը, որը սահմանել էր ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմը։
Կիրակի օրը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ չնայած հրադադարին, հանել է Իսրայել ռումբերի արտահանման արգելքը, քանի որ հավատում է «ուժի միջոցով խաղաղությանը»։
MK-84-ը 907 կիլոգրամանոց չկառավարվող ռումբ է, որը կարող է մխրճվել հաստ բետոնի կամ մետաղի մեջ՝ ստեղծելով պայթյունի մեծ շառավիղ:
Բայդենի վարչակազմը արգելել էր դրանց արտահանումը Իսրայել՝ Գազայի հատվածի խիտ բնակեցված տարածքների վրա դրանց հնարավոր ազդեցության պատճառով։
Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախկին նախագահն այս ծանր ռումբերից Իսրայել էր ուղարկել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայից պաղեստինյան «Համաս»-ի հարձակումից հետո, սակայն ավելի ուշ կասեցրել էր այդ մատակարարումները։