Մատչելիության հղումներ

Հովիկ Աղազարյանին առնչվող մանր եղջերավորների գործով մեղադրանք է առաջադրվել Աշոտիկ Կամավոսյանին


Հովիկ Աղազարյանին առնչվող մանր եղջերավորների գործով մեղադրանք է առաջադրվել Աշոտիկ Կամավոսյանին պատգամավորին կաշառք տալու ու դրան օժանդակելու համար: Ըստ քրեական գործի՝ Կամավոսյանն ու Սլավիկ Պողոսյանը ցուցմունք են տվել, որ հանդիպել են պատգամավորին ու գործարք առաջարկել՝ 200-ից 300 հազար դոլարի դիմաց: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել:

Անձեռնմխելիությունից զրկելուց հետո մեղադրանք առաջադրվեց նաև պատգամավոր Աղազարյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար:

Նախկին ՔՊ-ականը մեղքը չի ընդունում, պնդում է՝ որպես պատգամավոր է հանդիպել Սլավիկ Պողոսյանին ու փորձել է օգնել, հետո հասկացել է՝ բարդ գործ է ու հրաժարվել է:

«Պատգամավորի կարգավիճակից ելնելով պարտավոր եմ եղել օգտակար լինել, որովհետև օրենքները միշտ չեն լինում կատարյալ, ես էդ ձևի հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել էս 7 տարվա ընթացքում. մի մասին կարողացել եմ օգտակար լինեմ, մի մասին՝ ոչ», - ասաց Աղազարյանը:

Ըստ քրեական գործի՝ պատգամավորին մինչև 300 հազար դոլար առաջարկել են, որ միջնորդի առանց կարանտինի ոչխար արտահանեն Արաբական Միացյալ էմիրություններ: Մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանը նաև ցուցմունք է տվել, թե Աղազարյանին առաջարկել է սկզբում 20 հազար դոլար փոխանցել, հետո ըստ ոչխարների գլխաքանակի ավելացնել գումարը: Աղազարյանն ասում է՝ նույն մարդն իր հետ առերեսման ժամանակ հերքել է, որ իրեն նման առաջարկ է արել:

«Աշոտիկ Կամավոսյանը մեր առերես հարցաքննության ժամանակ ասել է, որ ինքն ինձ նման բան չի առաջարկել ու, բնականաբար, չի էլ փոխանցել: Առերեսման ժամանակ իմ ուղիղ հարցին ինքը պատասխանել է... էդ ձայնագրությունը մեզ մոտ է, քննչական մարմինը մեզ տրամադրել է, ինքը պատասխան էլ, որ՝ ոչ, ես Ձեզ ոչ առաջարկել եմ անձամբ, ոչ էլ Ձեզ տվել եմ», - նշեց Հովիկ Աղազարյանը:

Ցուցմունք տվողների դրվագը, որ Աղազարյանին գործարք են առաջարկել խոշոր կաշառքի դիմաց, անջատել են, նախաքննությունն ավարտել ու նյութերն ուղարկել են դատարան: Իսկ Հովիկ Աղազարյանին առնչվող մասով նախաքննությունը շարունակվում է: Աղազարյանի փաստաբանը ենթադրում է, որ գործն այսպես մասնատել են, որ այս ցուցմունքների դատական ակտով հետագայում փորձեն ամրապնդել Աղազարյանին առաջադրված մեղադրանքը:

«Իմ կարծիքով՝ Գլխավոր դատախազությունն ինքն էլ գիտակցում, որ պրոբլեմ ունի Հովիկ Աղազարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորելու, ապացուցելու: Այդ մասը, որն օրենքի կոպիտ խախտում է, իրենք առանձնացրել են, ուղարկել են դատարան ու, իմ կարծիքով, դատարանում մեղքը ընդունելու են, իրենց համար կիրառելու են պայմանական պատժաչափ, որից հետո բերելու են փորձեն դնեն Հովիկ Աղազարյանին առաջադրած մեղադրանքի հիմքում», - ասաց փաստաբանը:

Հովիկ Աղազարյանը խորհրդարանի դահլիճում է հայտարարել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը վարչապետ Փաշինյանի հրահանգով է: Նրա խնդրանքը չի կատարել, մանդատը վայր չի դրել, վարչապետն էլ իրեն պատժում է: Նա որպես քաղաքական սանկցիա համարում է ոչ թե այս, այլ մյուս կաշառքի գործը, որը հարուցվել է միայն իր սանիկի ցուցմունքի վրա: Սանիկն էլ իրավապահներին ասել է, թե Աղազարյանին կաշառք է տվել կառուցապատման թույլտվության միջնորդության համար:

Նախկին իշխանական պատգամավորին առնչվող մի քրեական գործ էլ կա ենթադրյալ պետական գաղտնի տեղեկությունների արտահոսք կազմակերպելու համար: Կուսակցությունից ու խմբակցությունից նրան հեռացնելուց հետո Փաշինյանը հայտարարել էր, թե պետք է գտնվեն բարոյական, քաղաքական ու այլ լծակներ Աղազարյանին պատգամավորական մանդատից զրկելու համար:

Աղազարյանին դեռևս անձեռնմխելիությունից են զրկել ու պետական գաղտնիքի գործով, ասաց, ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել, մեղադրանք դեռ չեն առաջադրել: Ոչ Փաշինյանը, ոչ էլ թիմակիցները այդպես էլ չբացահայտեցին, թե ինչ գաղտնի տեղեկություններ է հրապարակել պատգամավորը:




XS
SM
MD
LG