Նախկին թիմակիցները՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, Հովիկ Աղազարյանին այսօր զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատգամավորին դատախազն արդեն կարող է մեղադրանք առաջադրել:
Նիստից հետո Հովիկ Աղազարյանը Ազգային ժողովի միջանցքներում շրջում էր երգելով: Մինչ այդ խորհրդարանում լարված ու զայրացած արդարանում էր, պնդում՝ իր հետ կապված քրեական գործերը շինծու են, և որ վարչապետ Փաշինյանն «իրեն պատժում է», որ մանդատը վայր չդրեց, իսկ գլխավոր դատախազը, Աղազարյանի ներկայացմամբ, իր հետևից եկել է Փաշինյանի հրահանգով:
«Որովհետև ես մանդատիցս չեմ հրաժարվում, ինձ զրկում են մանդատից», - ասաց նա:
Գլխավոր դատախազը Ազգային ժողովում երեկվանից ներկայացնում է նախկին իշխանականին առնչվող քրեական գործերը: Աղազարյանը երկու դրվագով կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար: Մեկով, ըստ գլխավոր դատախազի, Աղազարյանը 200-300 հազար դոլար կաշատքի դիմաց համաձայնել է միջնորդել, որ մանր եղջերավորներ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի՝ կեղծ փաստաթղթերով:
Աղազարյանը խոստովանեց՝ գործով անցնող Սլավիկ Պողոսյանի հետ հանդիպել է, բայց գործարքը՝ մերժել, իսկ իր դեմ ցուցմունք տված Աշոտիկ Կամավոսյանին միայն առերեսման ժամանակ է հանդիպել: Քննչականի ապացույցը ալեհավաք կայանների տվյալներն են, որ նույն տարածքում երեքն էլ եղել են: Իրավապահների այս ապացույցը համոզիչ չէր անգամ իշխող թիմի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի համար:
«Այն, ինչ որ մեզ ներկայացվում է, այն ինչում, որ ելնելով այստեղ գրվածից Հովիկ Աղազարյանը մեղադրվում է, ես միանշանակ պնդում եմ, որ իրար չի բռնում», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
Մյուս դրվագով կասկածներ կան, որ Աղազարյանը 23 հազար դոլար կաշառք է ստացել, որ միջնորդի կառուցապատման թույլտվության համար: Ըստ գործի՝ առաջարկել են վթարային դպրոցներից մեկի տեղում նոր դպրոց կառուցելու պայմանով թույլ տալ բազմաբնակարան շենք կառուցել: Աղազարյանն ասում է՝ սկզբում հավատացել է իր սանիկ Արամ Մկրտչյանի բարի մղումներին, քաղաքաշինության կոմիտե դիմում է գրել, բայց հետո հասկացել է, որ նա խարդախ է, ու հրաժարվել է այս գործից: Այստեղ էլ մեկ հոգու ցուցմունքից բացի, հիմնավոր փաստարկ է համարվում, որ պատգամավորը ենթադրյալ ազդեցությունն է օգտագործել, դիմում է գրել: Այս ապացույցը անհասկանալի ու կասկածելի էր նաև իշխանականներ Արման Եղոյանի ու Բաբկեն Թունյանի համար:
«Ինձ համար այս պրոցեսը բավականին տհաճ և անդուր է», - ասաց Բաբկեն Թունյանը, - «Ես օրը 5 հատ նամակ եմ ուղարկում, 5 հատ զանգ եմ անում ու տարբեր մարդկանց հետ խոսում եմ տարբեր թեմաներով: Դա նշանակում է, որ ես ամեն անգամ որևէ գործողություն կատարելուց առաջ պիտի մտածեմ՝ կարո՞ղ է հետո ինչ-որ քրեական գործ պարզվի»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդությունը որակեցին քաղաքական հետապնդում:
«Ես համոզված եմ, որ այս բոլոր հիմնավորումները, որոնք Հովիկ Աղազարյանին, ընդդիմադիր բազմաթիվ գործիչների վերաբերյալ դուք ներկայացնում եք, մեծամասնության շատ ու շատ պատգամավորների հեռախոսային խոսակցությունները նշելու, նրանց գրագրությունները վերցնելու, ուսումնասիրելու դեպքում տասնյակ հատորներով գործեր պիտի հարուցեիք», - հայտարարեց խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Երկու քրեական գործերն էլ հարուցվել են 2023 թվականին: Ինչո՞ւ գլխավոր դատախազը ավելի շուտ չէր գալիս Ազգային ժողով, ինչո՞ւ արդարադատությունը վրա հասավ Փաշինայնի ու նրա թիմի հետ Աղազարյանի հարաբերությունները լարվելուց հետո, հետաքրքրվում էին ընդդիմադիրները:
Գլխավոր դատախազն արձագանքեց. «Ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կային հիմնավորվածության, կապերի մասին: Պատկերացնո՞ւմ էիք՝ ես մի տարի առաջ գայի: Միանգամից մերժելու էիք»:
Հովիկ Աղազարյանն էլ է հայտարարել, որ սա քաղաքական ճնշում է վարչապետի հրահանգով: Այս պնդումը վրդովեցրեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որ նախկին թիմակցին որակեց «կրակը բորբոքելու տաշեղ» ընդդիմադիրների ձեռքին:
Հովիկ Աղազարյանը հորդորեց երդվել, եթե վարչապետը չի տվել այս հանձնարարականը դատախազին:
Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների երբեմնի մոլեռանդ պաշտպան, նրան Հիսուս Քրիստոսի հետ համեմատած Աղազարյանը Փաշինյանին մեղադրում էր ավտորիտար իշխանության ու նախկին թիմակիցներին էլ այդ բարքերը պաշտպանելու համար:
Քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական պատգամավորները: 67-ից միայն երկուսն էին դեմ քվեարկել անձեռնմխելիությունից զրկելուն:
Միաձայն էին քվեարկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Տարոն Մարգարյանի գործն էլ շուտ է հարուցվել: Երևանի նախկին քաղաքապետն էլ կասկածվում է փողերի լվացման, դպրոցների ու մանկապարտեզների տարածքներն ապօրինի օտարելու համար: Տարոն Մարգարյանին էլ արդեն կարող են մեղադրանք առաջադրել: Այս հարցի քննարկմանը Մարգարյանն ու ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում, այն որակել են քաղաքական հետապնդում: