Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երկուշաբթի Ուկրաինային կոչ է արել «իրատեսական» ակնկալիքներ ունենալ տարածքային հարցերում՝ նշելով, որ ինքը հակամարտության «արագ և հեշտ լուծում» չի տեսնում։
Մակրոնը ելույթ է ունեցել Ելիսեյան պալատում հավաքված ֆրանսիացի դիվանագետների առջև՝ ուրվագծելով Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը սկսվող տարվա համար։
Մակրոնը նաև նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է օգնի փոխել իրավիճակը և համոզել Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Եվրոպան պետք է «անվտանգության երաշխիքներ» առաջարկի Ուկրաինայի համար։ Ֆրանսիայի նախագահը նաև զգուշացրել է, որ վստահությունը արևմտյան երկրների հանդեպ կփշրվի, եթե նրանք համաձայնեն փոխզիջման գնալ Ուկրաինայի հարցում «հոգնածության» պատճառով։
Ինչ վերաբերում է Սիրիային, Մակրոնը զգուշացրել է, որ Արևմուտքը չպետք է միամիտ գտնվի Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո Սիրիայում հաստատված նոր իշխանությունների հարցում, և խոստացել է, որ Ֆրանսիան չի լքի քուրդ զինյալներին: Ֆրանսիայի նախագահը Իրանն է համարել Մերձավոր Արևելքի գլխավոր ռազմավարական և անվտանգության մարտահրավերը։
Մակրոնը խոսել է այն սպառնալիքներից, որոնց բախվում են ժողովրդավարությունները, այդ թվում՝ ընտրական գործընթացներին միջամտություններից՝ այդպիսի միջամտության մեջ մեղադրելով Ռուսաստանին, Իլոն Մասկին ու նաև Ադրբեջանին։
«Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ռումինիան ստիպված էր չեղարկել նախագահական ընտրությունները ընտրական մանիպուլյացիաների պատճառով, որոնք ակնհայտորեն վերագրվում էին Ռուսաստանին: Ո՞վ կպատկերացներ սա ընդամենը տասը տարի առաջ», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
«Ինքը՝ Ֆրանսիան, վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում։
Տասը տարի առաջ ո՞վ կարող էր հավատալ, եթե մեզ ասեին, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի նոր միջազգային հետադիմական շարժմանը և ուղղակիորեն կմիջամտի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, ո՞վ կպատկերացներ դա։ Ահա սա է այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, և որտեղ մենք պետք է դիվանագիտ լինենք»,- հայտարարել է Մակրոնը։