Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօրվա հանդիպմանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները:
Ռազմական գերատեսչությունից փոխանցում են, որ նախարարն ու դեսպանը նաև խոսել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների շուրջ:
Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Երևանն ու Փարիզը ռազմավարական խորհրդակցություններ էին անցկացրել, ստորագրել պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող սահմանել»։ Սակայն, չէր հաղորդվել, թե խոսքն ինչի մասին է։
Նախորդ տարի Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:
Ռազմական ոլորտում 2023-ին սկսված գործակցության արդյունքում Ֆրանսիան Հայաստանին նաև 24 «Բաստիոն» զրահամեքենա է տրամադրել։ Դեռևս չի հաղորդվում՝ արդյոք Փարիզը Երևանին փոխանցել է երեք GM200 ռադարներն ու Mistral հրթիռները:
Երևանում ամիսներ առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։