Մատչելիության հղումներ

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հայաստանը կշարունակի սպառազինության ձեռքբերումը Ֆրանսիայից


Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, Երևան, 10 դեկտեմբերի, 2024թ.
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, Երևան, 10 դեկտեմբերի, 2024թ.

Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում «համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող են սահմանել», երեկ Երևանում կայացած ռազմավարական խորհրդակցություններից հետո հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ առանց հստակեցնելու, սակայն, թե խոսքն ինչի մասին է։

Ռազմական կառույցը միայն հայտնում է, որ Երևանն ու Փարիզը ստորագրել են պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։ Փաստաթղթի վերաբերյալ ևս հրապարակային մանրամասներ չկան, միայն պաշտոնական կարճ տեղեկություն է. «Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈւ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում»։

«Ազատություն»-ը մանրամասները ճշտելու համար դիմել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, պատասխան առայժմ չկա։

Նախորդ տարի Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը չի բացառում՝ երեկ ստորագրված համագործակցության 2025 թվականի ծրագրում հնարավոր է՝ կողմերը մատնանշած լինեն հենց զինված ուժերում բարեփոխումների քայլերը. - «Տեսնում ենք, որ համագործակցության թեման շարունակվում է և զարգանում, և կոնկրետ փաստաթղթում կարող են լինել, օրինակ, ինչ գործողություններ Ֆրանսիան պետք է անի այդ բարեփոխումների հետ կապված, ինչ հարցերում աջակցի, բայց կոնկրետ դետալներն արդեն գաղտնի են»։

Ռազմական ոլորտում 2023-ին սկսված գործակցության արդյունքում Ֆրանսիան Հայաստանին նաև 24 «Բաստիոն» զրահամեքենա է տրամադրել։ Դեռևս չի հաղորդվում՝ արդյոք Փարիզը Երևանին փոխանցել է երեք GM200 ռադարներն ու Mistral հրթիռները: Ռազմական փորձագետը կարծում է՝ 2025-ին Հայաստանը կշարունակի սպառազինության ձեռքբերումը, հարց է միայն՝ ինչի տեսակի ու քանակի։

«Գոնե այն պատճառով, որ կան պայմանագրեր երկարաժամկետ ստորագրված, ոնց էլ լինի, շարունակվելու է ու 2025-ից հետո է շարունակվելու։ Կոնկրետ նոր գնումների պահով այստեղ մենակ կարող ենք գուշակել։ Հնարավորություն կա, և ինձ թվում է, որ կլինեն ինչ-որ նոր գործարքներ», - ասաց նա։

Երևանում ամիսներ առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։ 2022-ի վերջից Ֆրանսիան ու Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Զինված ուժերի բարեփոխման, ռազմական կրթության ու մարտական պատրաստության ոլորտում Երևանը գործակցում է Վաշինգտոնի ու Աթենքի հետ։


Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Ուղիղ հղում

XS
SM
MD
LG