Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, շփումներ ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի և այլոց հետ:
Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսությանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահը, ԱՄՆ ընտրված նախագահը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:
Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանյուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ նաև լուսանկար հրապարակելով:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ Հայաստանի վարչապետը հայտնում է, որ Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցել է:
Հայաստանի ղեկավարը տիկնոջ հետ աշխատանքային այցով Փարիզ էր մեկնել Ֆրանսիայի նախագահի հրավերով:
ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել նրան, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել Թրամփի հետ: