Մատչելիության հղումներ

Սևակ Խաչատրյանը պնդում է՝ փորձում են ԱԺ ընտրություններից առաջ իրենց թիմին ճնշել և վարկաբեկել


Վաղարշապատի ընտրություններում մոտ 32 տոկոս ձայն ստացած «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը պնդում է՝ իրավապահները քաղաքական հրահանգով փորձում են խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ իրենց թիմին ճնշել և վարկաբեկել:

«Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է: Իրենք, Վաղարշապատում լինելով միանձնյա իշխանության, չեն կարողանում համակերպվել, որ կան մարդիկ, կա թիմ, որը ասելիք ուներ Վաղարշապատում ու 10 հազարից ավելի ձայն է հավաքել: Իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո՝ ԱԺ ընտրությունների ժամանակ, այս համայնքում կան այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, դրա համար փորձում են քրեական գործերով մեր թիմի անդամներին ընկճել, նեղել, որ թիմը պառակտեն, բայց թիմն այնքան մեծ է, որ չի ստացվելու», - ասաց նա:

Ընտրություններից ուղիղ մեկ օր անց՝ երեկ երեկոյան, իրավապահները խուզարկություններ իրականացրին ընդդիմադիր դաշինքի անդամների և աջակիցների տներում: Այսօր առավոտյան արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց՝ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում 5 հոգու մեղադրանք է առաջադրվել: Խուզարկություններից հետո նրանց չեն կալանավորել:

«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Խաչատրյանն այսօր հերքեց, թե իրենց թիմից ընտրակաշառք բաժանողներ են եղել: Ավելին՝ պնդեց, թե ինքն այս 5 մեղադրյալից երկուսին առհասարակ չի էլ ճանաչում, մյուս երեքն, ասաց, իրենց թիմակիցներն են:

Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում՝ քրեական գործը երբ է հարուցվել, ովքեր են ընտրակաշառք բաժանել, և երեկվա խուզարկություններից հետո ինչ են հայտնաբերել ավագանու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններից:

«Ես չեմ բացառում, որ շատ մարդկանց հանդեպ նոր է սկսվելու քաղաքական՝ այդ գործից ազատման, բարեկամների, հարազատներիի ազատման պրոցեսը, դեռևս նոր թափով շարունակվելու է», - նշեց նա:

Խաչատրյանի խոսքով՝ իրենց աջակիցներին դեռ քարոզարշավի փուլում էին ճնշում, հիշեցրեց՝ ինչպես է Արմավիրի մարզպետը դպրոցի տնօրենի պաշտոնից ազատել իր թիմակցի բարեկամին՝ պատճառաբանելով, թե քաղաքականությամբ է զբաղվում: Սա, ի դեպ, չէր հերքել նաև մարզպետը՝ հրաժարվելով ներկայացնել իր որոշման մանրամասները. «Քաղաքականությամբ է զբաղվել աշխատանքային ժամին, դրա համար հեռացրել եմ»:

Ավագանի անցած Խաչատրյանի գնահատմամբ՝ ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն է ունեցել Վաղարշապատ համայնքի խոշորացումը: Ընտրություններից ամիսներ առաջ իշխանությունը որոշեց Վաղարշապատն ու Խոյը միավորել: Խաչատրյանը կարծում է՝ համայնքները իշխանությունը միավորեց, որ ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի ծննդավայր Խոյից քվեներ ապահովեր:

«Դուք որ տեղամասերից ընտրության արդյունքները նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենք իրենց հաղթանակը, ընտրապայքարը, հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով: Ամբողջ քվեարկության ընթացքում և օրեր առաջ փորձել են մարդկանց կանտրոլ անել տարբեր մեթոդներով, ստերով, կեղծիքներով: Իրենց մոտ կարծես թե այդ պլանն աշխատեց», - շեշտեց Խաչատրյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Էջմիածին քաղաքում ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի ու ընդդիմադիր Սևակ Խաչատրյանի ստացած ձայների տարբերությունը մի քանի հարյուր է:

Պատկերը բոլորովին այլ է նախկին Խոյ համայնքը ներառող գյուղերում: Այստեղ իշխանական թեկնածուն ստացել է 7000-ից մի փոքր ավելի, իսկ ընդդիմադիր թեկնածուն՝ մոտ 2500 ձայն: Եթե ընտրությունից ամիսներ առաջ այս միավորումը չլիներ, Խաչատրյանը կարծում է՝ արդյունքներն այլ կինեին: Թե ինչու ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատում, այսօր կարճ տեսանյութով բացատրել է վարչապետը. «Սրա համար կա մեկ գլոբալ պատճառ, որովհետև ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ կյանքի մասին, և մարդիկ պարզապես ընտրեցին կյանքը, և իմ համեստ կարծիքով՝ այդպես լինելու է նաև 2026թ. խորհրդարանական ընտրություններում»:

Վաղարշապատում քվեարկության արդյունքները վիճարկելու մտադրություն ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը չունի, Սևակ Խաչատրյանն ասաց՝ իրենց վստահված անձինք ընտրատեղամասերում աշխատել են և վերահաշվարկի իմաստ չեն տեսնում:

«Քաղաքացիական պայմանագրից» հետո «Հաղթանակ» դաշինքը Վաղարշապատի ավագանիում լինելու է երկրորդ ուժը, ամենայն հավանականությամբ կստանան 12 մանդատ, որոնցից հրաժարվել մտադիր չեն: Բացի «Քաղաքացիական պայմանագրից» և «Հաղթանակ» դաշինքից, անցողիկ շեմը հաղթահարել է նաև «Մայր Հայաստանը», որի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների մոտ 5 տոկոսը: Այս արդյունքները նախնական են, դրանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի այս կիրակի:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG