Վաղարշապատի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը: Իշխանական թեկնածուն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների քվեների 48.51 տոկոսը:
«Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ», - աջակիցներին ուղղված խոսքում ասաց Մեխակյանը:
«Քաղաքացիական պայմանագիրն» ամենայն հավանականությամբ ավագանիում կունենա 19 մանդատ և առանց որևէ ուժի աջակցության կստանձնի համայնքի կառավարումը: Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, որի մաս են կազմում «Առաջ» և Դաշնակցություն կուսակցությունները, ցուցակը գլխավորողն էլ Սևակ Խաչատրյանն է: Այս ուժի օգտին քվեարկել է մոտ 32 տոկոսը: Նրանք, ըստ ամենայնի, 12 մանդատ կստանան:
ՔՊ-ական թեկնածուն կեսգիշերին արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարում էր՝ պատրաստ են աշխատել ընդդիմության հետ կառուցողական մթնոլորտում:
«Լեգիտիմ իշխանությունը ոչ մի խնդիր չի ունենում իր աշխատանքի մեջ, ավելի վստահ է լինում, և ես շատ ուրախ կլինեմ, որ մեր ընդդիմությունը էնպիսի օրակարգեր բերի քննարկման, որոնք միտված կլինեն համայնքի զարգացմանը», - ասաց Մեխակյանը:
Ընդդիմության թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր զանգերին չի պատասխանել, տեղեկացրել է վաղը սպասվող ասուլիսի մասին: Բայց կեսգիշերին Factor TV-ի հետ զրույցում արդեն հայտարարել է՝ չի պատրաստվում շնորհավորել Արգիշտի Մեխակյանին: Նրա պնդմամբ՝ ընտրություններն անցել են ճնշումների և վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում: Այդուհանդերձ, Խաչատրյանը ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին առայժմ չի խոսել, հակառակը՝ շեշտել է՝ վերցնելու են մանդատները:
«Եվ այդ ամենը, բոլորն իրար հետ հավաքեցին էդքան տոկոս, ինչքն, այսպես ասած, ծայրը ծայրին փորձեցին վերցնել համայնքային իշխանությունը; Ինձ թվում է՝ վաղը, դեռ էսօր ժամանակ չենք ունեցել քննարկելու, վերլուծելու, վաղը կամ մյուս օրը հայտարարությամբ հանդես կգանք», - ասել է Խաչատրյանը:
Անցողիկ շեմը հաղթահարած երրորդ ուժը «Մայր Հայաստան»-ն է, կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը ստացել է ձայների շուրջ 5 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս 5 ուժերը, այդ թվում՝ Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը, դարձյալ նախնական տվյալներով, չեն հաղթահարել անցողիկ շեմը:
«Առանց ձեզնից մեկի, ձեզնից մեկի բացակայությամբ հնարավոր չէր լինի Վաղարշապատում ջախջախել մեծախոս, մեծաբերան ընդդիմությանը», - «Քաղաքական պայմանագրի» աջակիցներին ասում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Գիշերվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե հաղթել են նախկիններին: Ընտրության արդյունքներին արձագանքել է նաև վարչապետը՝ պնդելով, թե Վաղարշապատի բնակիչներն իրենց ընտրությամբ աջակցեցին Հայաստանի պետականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Նիկոլ Փաշինյանը սա համարել է նաև 2026-ի խորհրդարական ընտրության նախերգանք.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։ Հայաստանի ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»:
Իշխանության ընդդիմախոսները, մինչդեռ, հակադարձում են՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակր պայմանավորված էր մի քանի գործոնով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ իշխող ուժը Գյումրիում պարտությունից հետո դասեր է քաղել սխալներից: Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, թե ինչպես ընտրություններից առաջ Վաղարշապատը խոշորացվեց՝ ներառելով Խոյ համայնքը, որի կազմում 17 գյուղ կա: Այս համայնքում մինչ Արմավիրի մարզպետ նշանակվելը ղեկավար էր Արգիշտի Մեխակյանը:
«Քարտեզի հիման վրա որոշվում է թեկնածու. սկզբից քարտեզն են որոշում, որ այ էս քարտեզով ենք անում, էս քարտեզում ո՞վ է ուժեղ՝ էս թեկնածու, եթե Խոյ համայնքի ղեկավարն է, դե ուրեմն դարձնում ենք Խոյ համայնքի ղեկավարին Էջմիածնում ԺՊ: Այսինքն՝ Վաղարշապատ քաղաքում դառնում է ինքը ԺՊ և շատ հանգիստ սկսում էքարոզարշավ իրականացնել: Այսինքն՝ իր ձեռքում է Վաղարշապատի ռեսուրսները և 18 բնակավայրերի ռեսուրսները՝ նաև լիազոր ներկայացուցիչներով, ովքեր ներգրավվում են ավագանիում», - հայտարարեց Մարուքյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարած նախնական տվյալներից պարզ դարձավ, որ Արգիշտի Մեխակյանի և Սևակ Խաչատրյանի քվեների տարբերությունն էական է հենց նախկին Խոյ համայնքի 17 բնակավայրերում: ՔՊ-ական Մեխակյանը իր ծննդավայր Խոյում ստացել է 7 հազար 64, իսկ ընդդիմադիր Խաչատրյանը՝ 2 հազար 552 ձայն: Այլ է պատկերը Էջմիածին քաղաքում, այստեղ ընդդիմադիր և իշխանական թեկնածուների քվեների տարբերությունը քիչ է՝ ընդամենը մի քանի հարյուր. Մեխակյանը ստացել է 7 հազար 844, իսկ Խաչատրյանը՝ 7 հազար 64 ձայն:
Վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի կիրակի օրը: