Քննչական կոմիտեն միայն մեկ օր անց պարզաբանեց, թե ինչու են ձերբակալել ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության համակիր Օնիկ Հարությունյանին: Նա TikTok-ում ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իշխանության թեկնածու Արգիշտի Մեխակյանի հասցեին:
«Անմիջականորեն ծագած կասկածը իրենք հիմնավորել են նրանով, որ TikTok-ում ուղիղ եթեր են տեսել, բայց հաջորդ օրն են եկել ձերբակալելու: Այդ TikTok-ի եթերի հիման վրա վարույթ է նախաձեռնվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանի փաստաբան Սերգեյ Սարգսյանը:
Օնիկ Հարությունյանին կուսակցության Էջմիածնի շտաբի մոտից գետնին տապալելով տարել էին մի խումբ քաղաքացիական հագուստով մարդիկ, հետո թիմակիցները տեղեկացել են, որ ոստիկաններ են եղել ու բաժին են տարել: Թեև ուղիղ եթերի հաջորդ օրն են ընդդիմադիր բլոգերին ձերբակալել, բայց ոստիկանները հիմնավորել են, թե անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա են տարել: Նրան ձերբակալել են խուլիգանության հոդվածով:
Փաստաբանն ասում է՝ Հարությունյանին ոստիկանություն են տարել օրենքի խախտմամբ, չեն իրազեկել՝ ովքեր են ու ինչ են անում, հատկապես երբ քաղաքացիական հագուստով են եղել:
«Օրենքը խախտվել է այն մասով, որ իրազեկում փաստացի չեն ներկայացրել անձին, թե ովքեր են, քաղաքացիական հագուստով են մոտեցել, և անձը կարող էր ամեն ինչ էլ մտածել, դիմել նաև ինքնապաշտպանության», - ընդգծեց Սարգսյանը:
ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանին հայհոյող քաղաքացուն կալանավորելու միջնորդություն դեռ չկա: Փաստաբանը պնդում է, թե դեռ տեսանյութը չի դիտել, այն ուղիղ եթերում է եղել ու չի պահպանվել: Ըստ Սերգեյ Սարգսյանի՝ իրավապահները կողմնակալ են գործում ու իշխանության ձեռքում ընդդիմադիրներին լռեցնելու գործիք են դարձել: Հակառակ դեպքում ՔՊ-ականներին հայհոյող քաղաքացիներին օպերատիվ ձերբակալող իրավապահները անգործության չէին մատնվի ընդդիմությանը հայհոյող իշխանության աջակիցների դեպքում:
«Նշել են, որ հայհոյանքներ կան, ու բառամթերքը, որը օգտագործել է բլոգեր Օնիկ Հարությունյանը, Քննչականում համարել են խուլիգանական, հայհոյանքները համարել են խուլիգանական: Բայց սա փաստացի քաղաքական հետապնդում է, որովհետև եթե հայհոյանքը էդպես խնդիր էր, ապա ինչո՞ւ ձերբակալված չեն, քրեական վարույթներ նախաձեռնված չեն, հետապնդումներ քրեական չկան մերձիշխանական քարոզչություն իրականացնող անձանց նկատմամբ», - նշեց Սարգսյանը:
Քրեական գործընթացներ են սկսվել նաև այս կուսակցության թեկնածուի՝ Գրիշա Հարությունյանի դեմ, որ նախկինում Վաղարշապատի Դողս գյուղի ղեկավարն է եղել: Ցուցակից Դավիթ Կարապետյանի դեմ էլ Ազգային անվտանգության ծառայությունը Դատախազություն հաղորդում է ներկայացրել, նա էլ այս համայնքից Ծաղկունքի գյուղապետն է եղել: Նախկին համայնքապետերի դեմ իրավապահները գործընթաց սկսեցին Վաղարշապատի ընտրության օրերին, երբ նրանք հայտնվեցին ընդդիմադիր ցուցակում:
Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար պայքարող «Քաղաքացիական պայմանագրին» առնչվող ահազանգեր էլ կան, «Անկախ դիտորդ» կազմակերպությունն է նորից տեղեկացնում՝ ահազանգեր են ստացել, որ պետական ու համայնքային աշխատողներ ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ազատվել են:
Դիտորդական կազմակերպությունն անուններ չի հրապարակել: Օրեր առաջ էլ վարչական ռեսուրսի չարաշահման մասին են հայտարարել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» առնչվող դեպքերից ընթացք է ստացել Գեղակերտի դպրոցի տնօրենի դեպքը: Կուսակցական տնօրենը Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ պետք է լիներ, քարոզարշավի ժամանակ բարեգործություն էր անում, որ քրեորեն պատժելի է: Նա մեղադրյալի կարգավիճակ ունի ու տնային կալանքի տակ է:
Ընտրություններն այս կիրակի են: Էջմիածնի համայնքապետի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 9 քաղաքական ու՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», Երևանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը, ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստան»-ը, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կուսակցությունները: Մասնակցում են նաև «Ազատ դեմոկրատներ», «Ազգային առաջընթաց», «Ժառանգություն» կուսակցությունները: