Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդը պնդում է, որ իրենց թիմակցին այսօր մի խումբ տղամարդիկ նախընտրական շտաբի մոտից ուժով խցկել են մեքենայի մեջ ու տարել:
«Տապալել են գետնին ու քարշ տալով տարել, գցել մեքենայի մեջ», - պատմեց նա:
Անդրանիկ Թևանյանն ասաց՝ ավելի ուշ են տեղեկացել, որ այդ տղամարդիկ ոստիկաններ են եղել. «Իրավապահ կոչված մարմինները քաղաքացիական հագուստով մայթի վրա կանգնած քաղաքացուն մոտեցել են, տապալել են գետնին և տարել ոստիկանություն»:
«Մայր Հայաստանն» էլ է պայքարում Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար, ակտիվ քարոզարշավ են անում ու սուր քննադատում գործող իշխանությանը: Ոստիկանություն տարված Օնո Հարությունյանն ընտրական ցուցակում չկա, իրենց համակիրներից է ու մասնակցում է քարոզարշավին, նշեց Թևանյանը:
«Մենք կարծում ենք, որ դա «Մայր Հայաստանի» աջակից լինելու հանգամանքով է, որովհետև դա առաջին դեպքը չէ», - նշեց նա:
Ոստիկանությունից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ Էջմիածնում մի քաղաքացու ձերբակալել են խուլիգանության կասկածանքով, գործն էլ փոխանցել Քննչականին: Ի՞նչ է արել Օնո Հարությունյանը, որ ձերբակալել են, ու ինչո՞ւ են նրան բաժին տանող ոստիկանները քաղաքացիական հագուստով եղել, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ Քննչական կոմիտեից ժամեր շարունակ բացատրություն չկա:
Օնո Հարությունյանին բաժին են տարել կուսակցության Էջմիածնի շտաբի մոտից: Այդ պահին նրա հետ է եղել իր մտերիմներից մեկը՝ Արմինեն: «Մայր Հայաստան»-ից Գևորգ Ստեփանյանն ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, որտեղ Արմինեն հուզված պատմում է, թե ինչպես են ոստիկանները հետապնդել, ապա գետնին տապալելով մեքենայի մեջ գցել Փաշինյանին քննադատող Հարությունյանին:
Մի քանի օր է՝ ընդդիմության կուսակցության շուրջ իրավական կրքեր են: Օրեր առաջ կուսակցության ղեկավարն ասաց, որ Վաղարշապատի համայնքապետի իրենց թեկնածուի և ցուցակի երկրորդ համարի դեմ քրեական գործեր են պատրաստում: Այսօր գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ԱԱԾ-ից հաղորդումներ են ստացել ու ընթացք են տվել:
Համայնքապետի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, որ նախկինում Արմավիրի մարզի Դողս համայնքի ղեկավարն է եղել, Դավիթ Կարապետյանը՝ Ծաղկունքի: Երկու թեկնածուն էլ պաշտոնավարել են Փաշինյանի իշխանության օրոք՝ մինչև 2021 թվականը: Բայց իրավապահների թիրախում հայտնվել են հրաժարականից չորս տարի անց՝ Վաղարշապատի ընտրություններից օրեր առաջ:
Անդրանիկ Թևանյանը պնդում է՝ իրավապահներն իրենց թիրախավորել են վախեցնելու, ճնշելու նպատակով:
Նախընտրական քարոզարշավը կավարտվի երկու օրից: Ընտրություններն այս կիրակի են: Ինը ուժ է պայքարում: Ընդդիմադիրները իշխող ՔՊ-ին մեղադրում են վարչական ռեսուրսը չարաշահելու համար: Դիտորդական կազմակերպություններն էլ են դրա մասին ահազանգում, որ քարոզարշավի օրերին ընտրողների տանիքներն են նորոգում, համայնքը բարեկարգում: Էջմիածնի ընտրություններին այսօր խորհրդարանում անդրադարձավ վարչապետ Փաշինյանը, իրենց ուղղված մեղադրանքերին չարձագանքեց: Ընդհանուր ընտրակաշառքի մասին խոսեց, թե իրավապահները պետք է դրանով զբաղվեն:
Մանրամասները՝ տեսանյութում՝