Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը նախնական տվյալներով ստացել է ընտրողների 15 հազար 298 ձայն, որից 7 հազար 844-ը՝ Էջմիածին քաղաքում, 7 հազար 64-ը՝ նախկին Խոյ համայնքը ներառող բնակավայրերում, իսկ 331-ը՝ Ոսկեհատ գյուղում:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը ստացել է 10 հազար 51 ձայն, որից 7 հազար 64-ը՝ էջմիածնում, նախկին Խոյ համայնքի բնակավայրերում ՝ 2 հազար 552, իսկ Ոսկեհատում՝ 435 ձայն:
Վաղարշապատ համայնքը խոշորացվեց ընտրություններից ամիսներ առաջ, և համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Արգիշտի Մեխակյանը: Համայնքը բաղկացած է Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից, իսկ Խոյ համայնքի կազմի մեջ մտնում է 17 գյուղ:
Դեռ այն ժամանակ ընդդիմադիրները պնդում էին, որ այդ խոշորացումն արվել է, որպեսզի ՔՊ-ն Մեխակյանին առաջադրի համայնքի ղեկավարի պաշտոնի համար՝ օգտագործելով նրա՝ Խոյում ունեցած հեղինակությունը: ՔՊ-ից հակադարձում էին՝ նպատակը կառավարման արդյունավետության բարելավումն է:
Արգիշտի Մեխակյանը մինչ Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար նշակավելը Արմավիրի մարզպետ էր, դրանից առաջ էլ՝ Խոյ համայնքի ղեկավարը:
Վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի կիրակի օրը: