Մատչելիության հղումներ

«Ականատես»-ը Գյումրիում տարածքային կառավարման նախարարի հայտարարությունը վարչական ռեսուրսի չարաշահում է համարել


Նախընտրական քարոզարշավի մեկնարկից մեկ օր առաջ Գյումրիում մանկապարտեզներից մեկի շահագործման ժամանակ տարածքային կառավարման նախարար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանն ուրախությամբ հայտարարեց, որ առաջիկայում կսկսեն Գյումրիի ամենաբանուկ ու անբարեկարգ փողոցներից մեկի շինարարությունը: Դրա համար ընդամենը պետք էր, որ համայնքապետի պաշտոնակատարը դիմեր:

Նախընտրական այս ժամանակահատվածում նախարարի հայտնած լուրը «Ականատես» դիտորդական առաքելությունը վարչական ռեսուրսի չարաշահում է համարել: Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն ասում է՝ արդեն իսկ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ ունեն: Դրանք հերթով ստուգվում են: Այս պահին ավարտել են Շիրակացի փողոցի հիմնանորոգման հետ կապված ուսումնասիրությունը, եզրակացրել են, որ իշխող ուժը ակնհայտորեն չարաշահում է վարչական ռեսուրսը:

«Նմանատիպ խնդրանքով կառավարությանը դիմած են եղել դեռ մեկ տարի առաջ Գյումրու ավագանին, ընդ որում, 26 կողմ ձայնով և ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայներով: Այսինքն՝ նրանք որոշում են ընդունել դիմել կառավարությանը նման խնդրանքով ու փաստորեն ստացվում է, որ կառավարությունը Գյումրու Ավագանիի խնդրանքի ընդառաջ չի գնացել և հիմա հենց նախընտրական ժամանակահատվածում ընդառաջել է Սարիկ Մինասյանի խնդրանքին: Դրա վերաբերյալ այստեղ հրապարակային աղմուկ է բարձրացվում, այսինքն, որ կառավարությունը օգնում է, մի կողմից վարչական ռեսուրսն են չարաշահում, մի կողմից դրա մասին բարձրաձայն տեղեկացնում են», - նշեց Այվազյանը:

Գյումրիի ավագանին իսկապես անցած տարի էր ուղերձով դիմել կառավարությանը՝ խնդրելով նորոգել Շիրակացի փողոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ տեղական բյուջեի հաշվին դա հնարավոր չէ անել: Ընդ որում՝ նախաձեռնության հեղինակները ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն ու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն էին: Մոտ 2.5 կմ երկարությամբ փողոցի նորոգման համար պահանջվում էր 1 մլրդ 146 մլն դրամ, որը 6 մլրդ դրամանոց տեղական բյուջեից հնարավոր չէր հատկացնել:

«Ազատության» հետ զրույցում դեռ 1 տարի առաջ «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալախասյանը բացատրել էր, թե բացի տեղական բյուջեի սղությունից էլի ինչ հիմքով պետք է հենց կառավարությունը գումար հատկացնի:

Ավագանու ուղերձը, սակայն, ուղիղ մեկ տարի անարձագանք մնաց: Ու հիմա նախընտրական այս շրջանում կառավարությունը ոչ թե այդ ուղերձն է հիմք ընդունում, այլ իշխանության թեկնածուի խնդրանքը: Իշխող ուժի համայնքապետի թեկնածուն, լինելով համայնքապետի պաշտոնակատար, արդեն իսկ առավելություն ունի մնացած թեկնածուների նկատմամբ, նկատում է Սոնա Այվազյանը. - «Փաստորեն նաև ակտիվ ձևով օգտագործում են կառավարության ռեսուրսները և դա վերագրում են, բնականաբար, կուսակցությանը՝ ձայներ բերելու ակնկալիքով, ինչն անընդունելի է»:

Գյումրիում արդեն իսկ տարբեր լուրեր կան այլ խախտումների մասին՝ անձնագրերի հավաքագրում, ցուցակների կազմում, ընտրացուցակները հատկապես Հնդկաստանի քաղաքացիներով համալրում: «Ականատես»-ի ներկայացուցիչն ասում է՝ իրենք ևս ունեն բազմաթիվ բողոքներ ու հիմա ուսումնասիրում են. - «Մենք ահազանգեր շատ ունենք տարբեր թեմաներով, բայց քանի որ մենք նաև ստուգում ենք այդ ահազանգերը, որոշ ահազանգերի վերաբերյալ նաև նույն ընտրությունների օրը պետք է մեր համապատասխան եզրահանգումներն ունենանք, դրա համար ես հիմա ձեռնպահ կմնայի այլ թեմայով խոսել»:

Իշխող ուժն առայժմ չի արձագանքել վարչական ռեսուրսի չարաշահման մասին դիտորդների հայտարարությանը:




XS
SM
MD
LG