Մատչելիության հղումներ

Ֆրանսիան՝ Բաքվի հեղինակած ապատեղեկատվական արշավի թիրախում


Նոր Կալեդոնիա, ֆրանսիական օրենքի դեմ ակցիա անող քաղաքացիների ձեռքում երևում է նաև Ադրբեջանի դրոշը, Ֆրանսիա
Նոր Կալեդոնիա, ֆրանսիական օրենքի դեմ ակցիա անող քաղաքացիների ձեռքում երևում է նաև Ադրբեջանի դրոշը, Ֆրանսիա

X սոցիալական ցանցը տասնյակ օգտահաշիվներ է արգելափակել այն բանից հետո, երբ Ֆրանսիան Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ X-ում արգելափակված օգտահաշիվների ետևում Ալիևի կուսակիցներն են թաքնված, որոնք համակարգված ապատեղեկատվության քարոզարշավի շրջանակներում կեղծ, մոլորեցնող լուսանկարներ և տեսանյութեր են տարածել՝ Ադրբեջանից շուրջ 14 հազար կմ հեռավորության վրա գտնվող Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ։

«Յենի Ազերբայջան» կուսակցության խոսնակ Նուրլան Գալանդարլին «անհեթեթ և կողմնակալ» է որակել պնդումները, թե քաղաքական ուժը կամ Ադրբեջանի իշխանություններն են նախաձեռնել առցանց քարոզարշավը:

«Կուսակցության անդամները կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում և սոցիալական մեդիայում, մեկնաբանել երկրում և միջազգային մակարդակով տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները, բացառություն չէ նաև Նոր Կալեդոնիայի հարցը», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանը փոխանցել է Գալանդարլին։

Այն, որ ադրբեջանցիներն են հակաֆրանսիական քարոզչության հեղինակները, առաջինը փաստել է ֆրանսիական կառավարության առցանց ապատեղեկատվական արշավների մոնիտորինգով զբաղվող գերատեսչության Viginum-ը։ Կառույցի հետաքննությունը Ադրբեջանի իշխող ընտանիքի ղեկավարած կուսակցության անդամների կողմից հրապարակված ավելի քան ութ տասնյակ գրառում է հայտնաբերել, այդ հրապարակումներն ուղեկցվել են #RecognizeNewCaledonia, #FrenchColonialism հեշթեգերով, իսկ վեց օրվա ընթացքում այդ հրապարակումների թիվը տարածվելով անցել է 1400-ը։

Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան կղզում արյունալի անկարգությունները սկիզբ առան անցած ամիս։ Բողոքի ալիք էր հարուցել Ֆրանսիայի խորհրդարանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը Նոր Կալեդոնիայում կընդլայնվի, որը հետագայում կընդգրկի նաև 1998 թվականից հետո այստեղ բնակություն հաստատած անձանց, որոնց մեծամասնությունը էթնիկ ֆրանսիացիներ են։ Փարիզի նախաձեռնած այս փոփոխությունների հարուցած անկարգությունները յոթ մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի մահվան պատճառ դարձան, հարյուրավորները ձերբակալվեցին, հարձակման ենթարկվեցին շենքեր ու մեքենաներ։

Բաքուն կղզին վերահսկող Փարիզի դեմ գործողություններին աջակցում էր բացեիբաց։

Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում դեռևս ամիսներ առաջ սկսեց ակտիվորեն հիշատակել «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ կազմակերպեց իր հարկի տակ՝ քննարկելու Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը։ Սեփական քաղաքացիների ցանկացած բողոքի ալիք բռնի ուժով ճնշող, ընդդիմադիրներին ու լրագրողներին բանտարկող Ադրբեջանի կառավարությունը հրավիրում էր ներկայացուցիչներ Ֆրանսիայի անդրծովյան տարածքներից՝ ինչպես Նոր Կալեդոնիայից, այնպես էլ Ֆրանսիական Պոլինեզիայից, ակտիվիստներ Կարիբյան ծովում գտնվող Մարտինիկայից ու ֆրանսիական Գվիանայից՝ ակնհայտորեն մեկ նպատակով՝ Ֆրանսիայի նեոգաղութատիրական քաղաքականությունը քննադատելու։

Իսկ արդեն Նոր Կալեդոնիայի բողոքի ցույցերին Բաքուն սեփական դրոշն էր ծածանում, բացի այդ՝ Փարիզի դեմ ընդդիմացող ակտիվիստները, ըստ տարբեր աղբյուրների, կապի մեջ են եղել անցած տարվա հուլիսին հիմնադրված ադրբեջանական մի կազմակերպության հետ՝ Բաքվի նախաձեռնող խումբ, որի առաքելությունը ֆրանսիական տարածքներում անջատական շարժումներին աջակցելն է։

Ընդ որում, մինչև Նոր Կալեդոնիայի բողոքի ալիքը կհասունանար, Ադրբեջանի կառավարությունը ժամանակ չկորցրեց․ ըստ Ֆրանսիայի իշխանությունների՝ Ադրբեջանը մեկ այլ զրպարտչական արշավ էլ նախաձեռնել էր Փարիզի կողմից Օլիմպիական խաղերը հյուրընկալելու դեմ՝ փորձելով կասկածի տակ դնել Ֆրանսիայի կարողությունները։ Այդ արշավի առաջամարտիկներն էլ էին Ադրբեջանի իշխող կուսակցությունից, մարտավարությունն էլ՝ նույնը։ Սոցցանցերում հակաֆրանսիական այդ արշավին թափ էր հավաքում Արցախի շրջափակման, ապա սեպտեմբերյան հարձակման և արցախցիների բռնի տեղահանության հետ կապված Մակրոնի կառավարության կոշտ քննադատություններին զուգահեռ։

Առցանց ապատեղեկատվական արշավի միջոցով Ադրբեջանը անկարգություններ է հրահրում Նոր Կալեդոնիայում, լուսանկարում՝ օգտատերերը, որոնք տարածել են, արձագանքել հրապարակումներին
Առցանց ապատեղեկատվական արշավի միջոցով Ադրբեջանը անկարգություններ է հրահրում Նոր Կալեդոնիայում, լուսանկարում՝ օգտատերերը, որոնք տարածել են, արձագանքել հրապարակումներին

Ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Ալիևի կառավարությունը միշտ ցանկանում է ձևավորել և շահարկել հանրային կարծիքը։

«Այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունը ստեղծել է նաև տրոլների բանակ: Նրանք, ովքեր աշխատում են պետական կառույցներում, անկասկած, միշտ դա անում են իրենց հավատարմությունն ապացուցելու և իրենց կարիերան բարելավելու համար»,- ասել է Իբրահիմովը:

Ընթացիկ արշավը Նոր Կալեդոնիայի դեպքերի ֆոնին Բաքուն կառուցել էր մի մոնտաժված նկարի օգնությամբ․ այդ լուսանկարի մի կողմում իբրև թե Նոր Կալեդոնիայում սպանված ակտիվիստ է, մյուս կողմում՝ հրացանը ձեռքին կանաչավուն շապիկով սպիտակամորթ տղամարդ՝ «Ֆրանսիական ոստիկանություն․ մարդասպաններ» մակագրությամբ:

Այս լուսանկարը, որն ինչպես ֆրանսիացի մասնագետներն են ապացուցել՝ կեղծ է, լայնորեն տարածվել է #RecounceNewCaledonia-ի հեշթագի ներքո։

Օգտագործելով TweetBinder վերլուծական գործիքը՝ «Ազատությունը» պարզել է, որ այդ հեշթեգն առաջին անգամ հրապարակել է ոմն @esmirakhahil օգտատերը։ «Ազատություն»-ը ենթադրում է, որ խոսքը Ադրբեջանի իշխանական շրջանակներում ոչ անհայտ Էսմիրա Խահիլն է՝ Ադրբեջանի Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի պաշտոնյա։

Զգայուն բովանդակությամբ կեղծ լուսանկարը տարածել են նաև Ռեշադեթ Խալիքով Ռամիլա Սեիդովա օգտատերերը՝ երկուսն էլ նախագահ Իլհամ Ալիևի բարձրաստիճան կուսակիցներից։

X-ի կողմից արգելափակված օգտատերերից են նաև Անար Շահմուրադը, Թուրխան Գուլիևան, Վուգար Աղաևը, նրանք էլ են Ադրբեջանի իշխող կուսակցությունից։ Աղաևը նաև «Ազերթաջ» պետական գործակալությունում է աշխատել որպես նախագահի Ալիևի հատուկ թղթակից։

«Ազատության» հետաքննությունը պարզել է, որ #RecognizeNewCaledonia հեշթեգը ամենաժրաջան կերպով տարածողը, որի անունը նաև ֆրանսիական կառավարության զեկույցում է հիշատակվում, Էլմեդդին Բեհբուդն է։

Ըստ Viginum-ի՝ Բեհբուդն աշխատում է նախագահ Ալիևի հովանու ներքո գործող ադրբեջանական ՀԿ-ների պետական աջակցության խորհրդում։

Այդ անձանցից որևէ մեկը չի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցումներին։ Նրանցից ոմանք ԱՊԱ գործակալությանը փոխանցել են, որ իրենց թիրախ են դարձրել «Viginum-ի հեղինակած համակարգված ոտնձգությունների արշավի» շրջանակներում, դժգոհել, որ այդ ամենն ազդել է իրենց անձնական անվտանգության, մասնագիտական հեղինակության և խոսքի ազատության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG