Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը մայիսի 28-ին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին: Նա եռօրյա այցով մեկնել է Ղարաբաղի շրջան և X-ում տեղադրել է մայիսի 28-ով թվագրված իր լուսանկարը Բարդայում:
«Շնորհավորում եմ Ադրբեջանի ժողովրդի Անկախության օրը: 2024 թվականը կարևոր տարի է Ադրբեջանի և մեր ընդհանուր մոլորակի համար, որի կլիմային նվիրված COP29 համաժողովը նախատեսվում է Բաքվում: Հուսով ենք, որ 2024-ը կդառնա նաև վճռական տարի Կովկասում խաղաղության և կայունության համար, ինչին Գերմանիան պատրաստ է աջակցել»,- ասվում է X-ում դեսպան Հորլեմանի տեղադրած գրությունում:
Վերջին ժամանակաշրջանում Ղարաբաղ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված արևմտյան մի շարք այլ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, մասնավորապես, ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին, Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը:
Այսօր էլ Զանգելան է մեկնել Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցիչ Պետեր Միխալկոն, ով կմասնակցի ականազերծման հարցերով խորհրդաժողովին: