Ֆեյսբուքյան 23 ստատուս՝ ուղեկցող սաղմոսներով. ուղիղ երկու շաբաթ է՝ Հայաստանի վարչապետը կաթողիկոսական գահն ազատելու գործընթաց է սկսել: Այսօր պարզաբանեց՝ այնպես չէ, որ կաթողիկոսի սեփական թեկնածու ունի, «ցավոք՝ չունի»: Բայց գիտի, թե ինչպիսին պիտի լինի նա:
«Մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ, ով Հիսուս Քրիստոսի հետևորդ է և ոչ թե խարդախ–վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալու՛ ենք բարեպաշտ և աստվածավախ Կաթողիկոս», - գրել է նա։
Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը աշխարհիկ անունով է խոսում՝ Կտրիճ Ներսիսյան, նա, ով պիտի հեռանա Վեհարանից: Այդպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին ու ժողովրդին՝ ըստ Փաշինյանի:
Ադրբեջանական մամուլի վերջին օրերի հրապարակումներում նույնպես Հայ Առաքելական եկեղեցու անունն է շրջանառվում։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Եկեղեցուն մեղադրել է «հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու համար». այդ խորհրդի գլխավոր քարտուղարին կոչ է անում քրիստոնեական ֆանատիզմով պրոհայկական հայտարարություններ չանել։ Փաշազադեն գրում է՝ «ազատվեք հայ եկեղեցական առաջնորդների ազդեցությունից, նրանց պատիվն ու հեղինակությունը նույնիսկ սեփական երկրում են վիճարկում»:
Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանցի շեյխ-ուլ-իսլամը նույն բանն են ասում՝ այս կարծքին են ընդդիմադիր շրջանակները, պնդում են՝ Եկեղեցու ու հոգևոր վերնախավի դեմ սկսված իշխանական արշավանքի թիկունքին Ադրբեջանն է: Վարչապետ Փաշինյանի 23-րդ ստատուսը արձագանք է հենց սրան։
Փակուղուց դուրս գալու համար, արդեն հայտնի է, Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսական նոր ընտրություններ է ձեռնարկում, արդեն հայտարարել է՝ համակարգող խումբ պիտի ձևավորի՝ առաջին տասը հոգուն անձամբ ընտրելով։ Արդեն կա՞ն թեկնածուներ, վարչապետի խոսնակը խոստացավ պատասխանել ավելի ուշ։
Մինչ այդ՝ այսօր Հայաստանի առաջին դեմքի մակարդակով, Հայաստանի գլխավոր թեմա դարձած կաթողիկոսի փոփոխության հարցը քննարկման թեմա է դարձել Հանրային խորհրդում։
Քննարկման մասնակիցներից մի քանիսի հետ խոսեցինք՝ բոլորը նույնն ասացին. առայժմ չեն ասի, թե ինչ է քննարկվել։ Կլինի պաշտոնական հաղորդագրություն։ Հանրային խորհրդի մի խումբ անդամներ հրաժարվել են մասնակցել քննարկմանը։
Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահ է՝ կառույցի լիազորությունից դուրս է Հայ Առաքելական հետևորդների ներքին խնդիրները քննարկելը։ Իսկ եթե վարչապետ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ որպես կառավարության ղեկավար է միջամտում Եկեղեցու գործերին, այստեղ էլ ըստ Իոաննիսյանի՝ Հանրային խորհուրդը գործ չունի։
Ի դեպ, նրա տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ է գործի անցել։ Վարչապետը այս թեմայով գրառումներում հանդես է գալիս որպես Հայ Առաքելական եկեղեցու ջերմեռանդ հետևորդ, մարդ, որ երկրպագում է Հիսուսին, Եկեղեցին համարում իր հոգու տունը։ Սակայն այս պատկերն է նրա 10-րդ ստատուսից սկսած, առաջիններում Նիկոլ Փաշինյանը խնդիրը բարձրացնում է որպես Հայաստանի վարչապետ, որովհետև, ըստ նրա, Վեհափառի կուսակրոնության հարցը նաև պետական անվտանգության խնդիր է։
Եկեղեցական հարցերը՝ եկեղեցական կանոններով. Մայր Աթոռի դիրքորոշումը սա է։ Գարեգին Երկրորդը հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։ Հոգևոր վերնախավում, սակայն, աջակցության կարիք են զգում, հասկանում ենք Մայր Աթոռի արխիվի ու թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղայի գրառումից։
«Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ։ Ո՞ւր եք Դուք։ Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար։ Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք։ Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում», - գրել է նա։
Աբեղան կոչ է անում՝ արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք։
Նախորդ շաբաթ օրը կաթողիկոսին այցելել ու իր աջակցությունն էր հայտնել Հայաստանի առաջին նախագահը։ Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը մի գրառում է արել «Նիկոլիզմի վերջը» վերնագրով։ 20-րդ դարասկզբին Նիկոլայ Երկրորդը հակաեկեղեցական օրենք ընդունեց, բայց հայ ժողովուրդն այնպիսի բողոքի ալիք բարձրացրեց, որ կայսրը ստիպված էր չեղարկել այդ օրենքը։ Տեր-Պետրոսյանի եզրահանգումն է. «Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի»։
«Քաղաքացիական պայմանագրից» խորհրդարանի փոխնախագահն է արձագանքել առաջին նախագահին։
«Այսինքն կաթողիկոսի՝ Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն», - գրել է Ռուբեն Ռուբինյանը:
Նա նույնպես գրառումը եզրահանգմամբ է փակել. «Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված։ Շատ ափսոս»։