«Փաշինյանը ոչ թե ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումը, այլ անամոթաբար, ցինիկաբար խառնվում է մեր Սուրբ Եկեղեցու ինքնակառավարմանը». - Ամենայն Հայոց կաթողիկոսի նոր ընտրության՝ վարչապետի նախապատրաստությունը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ապօրինի է որակում: Նրան չեն համոզել Փաշինյանի ու թիմակիցների հավաստիացումները, որ կաթողիկոսի կուսակրոնությունը բարձրաստիճաններին հետաքրքրում է բացառապես որպես հայ քրիստոնյաների:
Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն իրեն Առաքելական եկեղեցու մոլեռանդ հետևորդ համարի, նա գործում է որպես Հայաստանի վարչապետ, ասում է Վարդան Պողոսյանը, թվարկում Սահմանադրության ու օրենքի արգելքները. Մայր օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, առանձին օրենքով էլ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, նաև հոգևորականների ընտրության կարգին:
«Երբ որ ինքը նման հայտարարություններ է անում Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին, նա խախտում է՝ որպես
Հայաստանի վարչապետ, այն չեզոքության պատվիրանը, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց սահմանադրագետը՝ շարունակելով. - «Եթե մենք ունենայինք նորմալ իրավապահ համակարգ, էստեղ իրենց խոսքը պետք է ասեին այն մարմինները, որոնք որ ի պաշտոնե պետք է հետևեն նրան, որ պետական իշխանության մարմինները գործեն Սահմանադրության սահմաններում»:
Վարչապետը նախ կաթողիկոսից կուսակրոնության հրապարակային հավաստիացումներ ուզեց, ապա Գարեգին Երկրորդի անխախտ լռության պայմաններում հայտարարեց, որ փաստեր ունի՝ Վեհափառը, ըստ նրա, խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի:
Ինչպե՞ս են այդ ապացույցները երկրի թիվ մեկ պաշտոնյայի ձեռքում հայտնվել՝ չասաց, բայց պահանջեց Գարեգին Երկրորդի հեռացումը, իսկ երեկ արդեն կաթողիկոսի նոր ընտրության կազմակերպչական հարցերին լծվեց: Նոր կաթողիկոսի ընտրության կազմակերպման համար համակարգող խմբի անդամի չափանիշները հրապարակեց, դրանց մեջ նաև Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդացած, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ Մեծ պահքը պահած լինելն էր մտնում: Խմբի առաջին տասնյակին բազմազբաղ վարչապետն անձամբ կընտրի, էլեկտրոնային հասցեին դիմումներ է սպասում:
«Մենք անդրադարձել ենք էսօր ներքաղաքական բոլոր հարցերին». - վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի ծրագիրը մասամբ ներքաղաքական հարց է համարում, լրագրողների հետ զրույցում հաստատել է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության երեկվա նիստում քննարկում այդ թեմայի շուրջ եղել է: Բայց երկրի առաջին դեմքի ներգրավվածությունը կաթողիկոսի նոր ընտրությանը վարչապետի գրասենյակի ղեկավարը սահմանադրական կարգի խախտում չի համարում: Հարությունյանի ձևակերպմամբ՝ Փաշինյանը հանդես է գալիս որպես քրիստոնյա և ի պաշտոնե նաև ազգային անվտանգության համար է պատասխանատու: Թե ինչով է սա ազգային անվտանգության հարց, չի մանրամասնել:
«Ես խնդրում եմ, որ դուք էդ մասով կասկած չունենաք: Ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում», - այսօր հայտարարեց տարածքային կառավարման նախարար, ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը:
Խուդաթյանը երեկ մասնակցել է իշխող ուժի ղեկավար մարմնի նիստին: Նա գրված ու չգրված օրենքները խախտելը բացառեց, դրա ապացույցը համարեց անցած յոթ տարիները:
Մինչև պատերազմը Փաշինյանն, ինչպես ձևակերպում էր, ժողովրդի իշխանությունը դատական համակարգում էր ուզում հաստատել: Դատարանները շրջափակելու նրա քայլը, մինչդեռ, ընդդիմախոսները դատական իշխանության գործերին կոպտագույն միջամտություն համարեցին: Հիմա իր քայլերը բացատրում է նույն ձևակերպմամբ, թե եկեղեցին պիտի վերադարձնի ժողովրդին։
«Դուք աշխատանքային խմբի աշխատանքի բնույթը գիտե՞ք, աշխատանքային խումբը հրապարակե՞լ է, օրինակ, ինչով է ինքը զբաղվելու: Երբ որ հրապարակի, երբ որ իր աշխատակարգը հստակ լինի, դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում: Ես ինքս բացառում եմ էդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին և Սահմանադրությանը և նաև բարոյականությանը հակառակ», - վստահեցրեց Խուդաթյանը:
Փաշինյանի կաբինետի անդամը ենթադրեց, որ կաթողիկոսի ընտրության համար ձևավորվող համակարգող խմբում պաշտոնյաներ չեն լինի, բայց կլինեն ներկա ու նախկին հոգևորականներ, սա էլ մեկ այլ ապացույց էր համարում, որ օրենք չեն խախտում:
Համակարգող խմբի անդամների բարեվարքության ստուգումն էլ է ծրագրվում, բայց Փաշինյանի թիմից չեն պարզաբանում՝ ոչ որպես պաշտոնյա, այլ որպես մտահոգ շարքային քրիստոնյա՝ ինչպե՞ս են այս գործը գլուխ բերելու:
«Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողնենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը», - ասաց Դավիթ Խուդաթյանը:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը չի բացառում՝ համակարգող խմբի ստեղծումը եկեղեցական այլընտրանքային ժողով ձևավորելու առաջին քայլերը կարող են լինել: Ամենայն Հայոց կաթողիկոսին հենց Ազգային-եկեղեցական ժողովն է ընտրում: Նիկոլ Փաշինյանը կարող է հազարավոր համակարգող խմբեր ստեղծել, բայց օրինականության շրջանակներում նոր կաթողիկոս, ըստ Պողոսյանի, մի դեպքում կարող է ընտրվել. - «Ընտրության հարց կարող է լինել մենակ էն դեպքում, երբ որ կաթողիկոսական աթոռը թափուր է: Որևէ մեկը չի կարող, Ազգային-եկեղեցական ժողովը նույնիսկ չի կարող, գործող կաթողիկոսին պահանջել որևէ պատրվակով, թեկուզ՝ արդարացի, հրաժարական տալ: Դա կաթողիկոսի բացարձակ հայեցողությունն է»:
Իշխանությունն էլ այս օրերին հակադարձում է՝ եկեղեցին էլ պետության գործերին է խառնվում. վարչապետի հեռացման կոչ անձամբ Գարեգին Երկրորդն է արել՝ 44-օրյա պատերազմից հետո:
«Մեր եկեղեցին իր պատմական դերով փոխարինել է պետությանը, երբ որ մենք պետականություն չենք ունեցել, և երբ որ մենք հիմա ունենք պետություն, վարչապետի աթոռը զբաղեցնող անձը այդ պետականությունը տանում է կործանման, բնականաբար, Առաքելական սուրբ եկեղեցին չի կարող լուռ լինել այս հարցում», - հայտարարեց Վարդան Պողոսյանը:
«Քաղաքական չի մեր մոտիվացիան, վարչապետը ասել է, որ մեզ ավելի շատ, ավելի շատ և բացառապես էս հարցը, ինձ անձամբ էս հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա, և կուսակրոնության հետ կապված ուխտի թվացյալ խախտումն էլ, կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է», - ասաց նախարար Խուդաթյանը:
Մինչ պետության հասցեին եկեղեցու դեմ հակասահմանադրական արշավի մեղադրանքներ են հնչում, իշխանությունը հերքում է, իր քայլերը բացատրում բարեպաշտ քրիստոնյաների անհանգստությամբ, չկան տեղեկություններ՝ կաթողիկոսի նոր ընտրությունը կազմակերպելու վարչապետի նախաձեռնությանը քանի՞ հոգի է ցանկացել միանալ: Պաշտոնյաները տեղեկություն դեռ չեն տալիս: