Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է «հաղթահարել» Փաշինյանին. ՔՊ-ից արձագանքել են


Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, «Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի», Ilur.am-ում արած մեկնաբանության մեջ շեշտել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Նման կերպ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը շարունակել է եկեղեցի-իշխանություններ հեռահար վեճի մասին իր անդրադարձը:

Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսր Նիկոլայ երկրորդը օրենք ընդունեց Հայոց եկեղեցու գույքի բռնագրավման և հայկական դպրոցների փակման մասին, ինչն ընդվզման ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում՝ «ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ Կայսրն ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը»։

Իշխանական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով այս հայտարարությանը, սոցիալական ցանցում գրել է. «Այսինքն կաթողիկոսի՝ Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն»:

Առաջին նախագահը ևս, որ նախորդ շաբաթ այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, հայտնվել էր վարչապետ Փաշինյանի քննադատության թիրախում: Վերջինս այցի հաջորդ օրը հայտարարել էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ-ում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է և պիտի կանգնի նրա նման «ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»:

Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ Մայր Աթոռի, Գարեգին Երկրորդի հետ զրույցի ընթացքում իր լիակատար աջակցությունն էր հայտնել Վեհափառ հայրապետին՝ միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների ոտնձգությունը:

Այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ամենօրյա ռեժիմով ավելի քան երկու շաբաթ կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ շարունակվող արշավի ու վիրավորական բառապաշարով ուղեկցվող քննադատության ֆոնին: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։

Կաթողիկոսը նախօրեին վերադառնալով Հայաստան՝ շեշտել էր, որ եկեղեցու հարցերը եկեղեցին է քննում, հավելել՝ վարչապետի արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել ժողովրդի մոտ:

XS
SM
MD
LG