Մատչելիության հղումներ

Փաշինյանը կաթողիկոսի ընտրության ձևաչափն է ներկայացրել. Մայր Աթոռից պնդում են՝ վախ ու խուճապ չկա


Քաղաքացի Կարլեն Թադևոսյանը չի պատկերացնում, թե ինչպես է Հայաստանի վարչապետը փոխելու կաթողիկոսին, թեև Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան մանրամասն շարադրել է կաթողիկոսական նոր ընտրությունների ձևաչափը։ 10 հոգանոց համակարգող խորհուրդ է ձևավորում, այստեղ ընդգրկվածները պիտի հավատան Հիսուսին՝ ընդ որում ամբողջ հոգով, Աստվածաշունչը կարդացած լինեն, սկզբից մինչև վերջ, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ Մեծ պահք պահած լինեն, ամեն օր աղոթեն։ Այս տասը հոգուն Նիկոլ Փաշինյանն անձամբ կընտրի «հոգու աչքերով»։

«Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով», - գրել է նա։

Ովքեր համապատասխանում են այս պայմաններին և ուզում են Նիկոլ Փաշինյանին միանալ վեհարանը Վեհափառից ազատելու գործում, պետք է նրա անձնական էլեկտրոնային հասցեով նամակ գրեն։ Նիկոլ Փաշինյանի խոսնակի հետ կապ հաստատել չկարողացանք, որ պարզենք՝ արդյոք արդեն դիմումներ կան։

Հայաստանի բնակիչներից Սաթենիկ Փարսադանյանը աղոթում է, Աստվածաշունչը կարդացել է սկզբից մինչև վերջ, պահք պահել է՝ համապատասխանում է բոլոր պայմաններին, բայց անմիջապես անակնկալի եկավ կաթողիկոսի փոփոխության վերաբերյալ հարցից. «Ես հավատում եմ Աստծուն, քաղաքականությունից հեռու եմ»։

Վարչապետի սահմանած պայմաններով քաղաքացիներ Մայր Աթոռի տարածքում էլի կային, բայց նրանցից ոչ ոք առայժմ համակարգող խորհրդի անդամ դառնալու ցանկություն չհայտնեց:

Մարդիկ վարչապետի օրակարգ մղած հարցը, թե Հայոց հայրապետը կուսակրոնության ուխտը խախտել է ու պիտի հեռանա, քաղաքական են համարում, թեպետ Փաշինյանն ինքն այս ամենի մասին խոսելիս ներկայանում է որպես հայ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ։

Այն, որ երկրի վարչապետը 12-օրյա հակակաթողիկոսական գրառումներից հետո այսօր արդեն անցավ գործնական քայլերի, չի զարմացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, ասաց՝ անսպասելի չէր։

«Մենք խուճապի մեջ չենք, անհանգստություններ չունենք, տհաճություն ապրում ենք, որ նման վիճակ է ստեղծվել, բայց ոչ խուճապ կա, ոչ վախի մթնոլորտ, Աստված բոլորիս հետ», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն այս գործը ձեռնարկելուց առաջ շեշտել էր՝ վեհարանն ազատելու են սիրով և քրիստոնեաբար, բայց այս հարցում կասկածներ ունեն «Հայաքվե» քաղաքացիական միավորման անդամները։ Նրանք արդեն երեք օր է՝ վեհարանի դարպասների մոտ հերթապահություն են սկսել։

Էջմիածնեցի Հունան Մարտիրոսյանն էլ է միացել վեհարանի դուռը հսկողներին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մեր ամենազգայուն կետին է կպել Փաշինյանը, նրա հավատը չի սասանվում անգամ կուսակրոնության ուխտի կասկածների պարագայում։

Հայրապետական գահի շուրջ Հայաստանում բորբոքված քննարկումներին զուգահեռ՝ երկրում չէ Ամենայն Հայոց կաթողիկոսը, նա Դուբայ հանդիպման էր մեկնել և վերադառնալու է այսօր կեսգիշերին։ Ընդդիմադիր մի քանի գործիչներ քաղաքացիներին կոչ են արել շտապել «Զվարթնոց» ու աջակցություն հայտնել Վեհափառին։ Այսօր արտերկրի մի քանի համայնքներից են աջակցության հայտարարություններ հնչել։

Հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված այս արտակարգ իրավիճակին առայժմ չի արձագանքել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, միայն երեկ երեկոյան Անթիլիասը նրա մասնակցությամբ մի հավաքի մասին տեղեկատվություն տարածեց, որում այսպիսի ձևակերպում էր. «Ժողովականները խոր մտահոգություն արձանագրեցին Հայաստանի մեջ բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ պետության իշխանությունների ներկայացուցիչների հրապարակած հարցերի պատճառով ստեղծված մթնոլորտի մասին։ Անընդունելի նկատվեց հարցերի այս ձևով բարձրացումն ու արծարծումը, որոնք չեն առաջնորդվում լուծումներում, այլ ստեղծում են ներհասարակական լարվածություն»։

Այս հայտարարությունը շատերը գնահատեցին ոչ համարժեք ու անատամ, Մայր Աթոռի դիվանապետը չմեկնաբանեց:

Խայտառակություն ու անընդունելի խոսակցություն, սա էլ Հայաստանի երրորդ նախագահի գնահատականն է։ Հարցին, թե ինչ քայլեր պիտի անի Սերժ Սարգսյանն իր առաջնորդած ուժի հետ, նա պատասխանեց. «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ հայրապետի հորդորներին, դիրքորոշմանը»:

Կաթողիկոսի փոփոխության հարցն այս օրերին մնում է ամենաթեժը՝ քաղաքական զրույցների սիրահար ու Մայր Աթոռի տարածքում հով դիրքավորված տարեցների համար։ Քննարկում են՝ թող պետությունն իր գործով զբաղվի, եկեղեցին՝ իր։ Երկուսից որ մեկը սրա հետ համաձայն չէ՝ թող գահն ազատի՝ տուն գան։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG