Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին, այս մասին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը:
Նա հավելել է, թե «Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ»:
«Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է Թուրքիայի դեսպանը։
Շաբաթավերջին էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցին տեղեկացրել էր տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին:
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի երկու կետ դեռ մնում են չհամաձայնեցված՝ միջազգային իրավական հայցերը փոխադարձաբար հետ կանչելու հարցը և սահմանին երկրորդ երկրների ներկայությունը:
Հայաստանը չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը: Այս ամիսներին երկու երկրների պաշտոնյաներն էլ չեն հանդիպել: