Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովան նախ անհետացել էր Երևանում, հետո ոստիկանները նրա մարմինն էին գտել մայրաքաղաքի բնակարաններից մեկում:
Օրերս բողոքի ակցիայի դուրս եկած ռուսաստանցի ակտիվիստները հայ իրավապահներին հարցնում էին՝ ընտանեկան բռնությունից փախած կնոջ գործն ի՞նչ փուլում է: Նրանք համոզված են՝ Այշաթը սպանվել է, ու դրանում Չեչնիայի ուժայինների մատն է խառը:
Ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան «Ազատությանն» իր ունեցած տեղեկություններն է պատմում.
«Ինստագրամով նրա հետ ընկերացել է մի աղջիկ, քանի որ Այշաթն աշխարհի համար բաց ու շփվող աղջիկ էր և իսկապես ցանկանում էր շփվել, արձագանքել է նրա առաջարկին: Հետո է պարզվել, որ նրան հանդիպման կանչած կինը ծանոթ է եղել Կադիրովի շրջապատի մարդկանց հետ: Նրա հետ գիշերը հանդիպելուց հետո Այշաթն անհետացել է: Տեսախցիկը ֆիքսել է մարդկանց, որոնցից մեկը չեչեն տղամարդ էր, որն ըստ որոշ լուրերի՝ նախկինում մեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու համար: Բացի այդ, Չեչնիայից հնչում են հայտարարություններ, թե, իբր, եթե չլինեին Այշաթին Չեչնիայից դուրս գալու հարցում աջակցած իրավապաշտպան կազմակերպությունները, ապա այսպիսի դեպք չէր լինի: Նաև այս ոչ ադեկվատ ռեակցիան է շատ բանի մասին խոսում: Մենք Ռուսաստանում վաղուց ենք ծանոթ Չեչնիայի այս վարքագծին»։
Ըստ մի շարք աղբյուրների՝ երիտասարդ կինը ազգակցական կապեր ուներ Ռամզան Կադիրովի հետ
Այշաթ Բայմուրադովայի ընկերներից մեկը BBC-ի հետ զրույցում փոխանցել է այն, ինչ իրեն պատմել է ընկերուհին: Ըստ այդմ՝ Այշաթը պնդել է, որ իր տատը Չեչնիայի նախկին նախագահ Ահմադ Կադիրովի՝ գործող նախագահ Ռամզան Կադիրովի հոր զարմուհին է: Նա նաև պատմել է, որ թոշակառու հայրը նախկին զինվորական է: Պաշտոնապես Ռուսաստանում չգրանցված "Важные истории" կայքը ենթադրում է, որ Այշաթի հայրը ոստիկանության օպերատիվ աշխատակից է եղել։ Նույն աղբյուրի լրագրողները նաև պարզել են, որ Այշաթի հորեղբայրն էլ Չեչնիայի ոստիկանության գլխավոր վարչության աշխատակից է։ Ըստ BBC-ի հոդվածի՝ Այշաթ Բայմուրադովային 20 տարեկանում իր կամքին հակառակ ամուսնացրել են կրակել սովորեցնող 29-ամյա տղամարդու հետ, որին նա մի քանի անգամ էր հանդիպել նախքան հարսանիքը: Ըստ աղբյուրի՝ ամուսինը ծեծել է երիտասարդ կնոջը, տանը տեսախցիկներով հետևել, դուռը վրան կողպած պահել, արգելել օգտվել հեռախոսից և այլն: Նրանք համատեղ մեկ անչափահաս երեխա ունեն:
Ռուսաստանցի ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան ասում է՝ սա իրեն հայտնի առաջին դեպքն է, երբ Չեչնիայում ընտանեկան բռնության ենթարկված կինը սպանվում է օտար երկրում, սովորաբար, ըստ նրա, հարազատները, կամ հենց Չեչնիայի ուժայինները կանանց վերադարձնում են իրենց երկիր, որտեղ էլ նրանք կյանքից զրկվում են:
«Չեչնիայում ընտանիքի այն անդամը, որը մյուսների ընկալմամբ անպատվաբեր վարք է դրսևորում՝ անարգելով ընտանիքը, սպանվում է, ու դա անվանում են «սպանություն հանուն պատվի»: Սա այդ երկրում ընդունված է: Նույնն էլ Այշաթի հետ է եղել: Նախ երեխային են վերցրել, հետո Այշաթը փախել է ընտանեկան բռնությունից ու պարբերական ծեծից: Չեչնիայի օրենքով՝ երեխաներին միշտ հորն են հանձնում, դա է պատճառը, որ չեչեն կանայք հիմնականում չեն հեռանում ընտանիքից, որ չզրկվեն երեխաներից: Իսկ Այշաթը Հայաստան էր եկել ապրելու համար: Սոցցանցերում իր բաց էջերով ազատորեն խոսում էր Չեչնիայում ընտանեկան բռնության մասին: Վաղուց հայտնի փաստ է՝ եթե ընտանիքը չի կարողանում ինքնուրույն այդ հարցը լուծել, ապա չեչեն ուժայիններն են միջամտում: Հատկապես, եթե այդ կանայք գտնվում են երկրից դուրս», - պատմում է ռուսաստանցի ակտիվիստը։
20 օր է՝ իրավապահները դեռ չեն բացահայտել չեչեն կնոջ առեղծվածային մահվան դեպքը
«Ազատության» տեղեկություններով՝ կնոջ մարմինը, որ դեռ Երևանում է, հողին չի հանձնվել: Վարձակալած բնակարանում Այշաթ Բայմուրադովան ընկերների հետ է ապրել, հենց նրանք էլ այսօր դիակի ճանաչմանն են մասնակցել: Դեպքից ավելի քան 20 օր է անցել, բայց դեռ հետախուզում չի հայտարարվել ռուս ակտիվիստի նշած մարդկանց գտնելու համար: Թեև սպանության գործով Քննչական կոմիտեում կա վարույթ, բայց չկա հարուցված քրեական հետապնդում որևէ մեկի նկատմամբ: Կոմիտեից ասում են՝ քննարկումների փուլում են:
Ըստ ընթացակարգի, սակայն, հետախուզում հայտարարվում է այն դեպքում, երբ Գլխավոր դատախազությունը հաստատում է Քննչականի՝ քրեական հետապնդում հարուցելու որոշումը: Ռուս ակտիվիստները կասկածներ ունեն, որ անգամ եթե այսօր հետախուզումը հայտարարվի, արդեն ուշ է, նրանց Հայաստան բերել չեն կարող, որովհետև նույն օրն են սահմանը հատել:
Այշաթի հետ վարձով ապրող ընկերներն այս գործով առանցքային վկաներ են, նրանց իրավունքների պաշտպանությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է զբաղվում: Գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանն ասում է՝ իրենց վստահորդներն արժեքավոր տեղեկություններ են փոխանցել իրավապահներին. «Գրեթե հանցագործությունը 90 տոկոսով բացահայտված է, դա միանշանակ է, որովհետև տրված տեղեկությունները, դրանք համադրելով ստացված մնացած այլ ապացույցների, տեսագրությունների և այլնի հետ, գրեթե պարզ է պատկերը։ Այս համատեքստում հապաղելը որևէ լավ արդյունքի չի բերելու», - ընդգծում է Չատինյանը։
Թեև հայ իրավապահներն ավելի քան 20 օր է դեռ չեն բացահայտել չեչեն կնոջ առեղծվածային մահվան դեպքը, բայց օտարալեզու լրատվամիջոցներն արդեն հրապարակում են այն կնոջ անունը, ազգանունն ու նկարները, որի հետ ինստագրամով ծանոթացել է Այշաթը, հետո նա ու մի տղամարդ վարձակալած բնակարան են հրավիրել Այշաթին, որն ընկերներին նկարներ է ուղարկել բնակարանից, հետո նրա հետ կապը կորել է: Այդ կնոջ հետ նույն բանկարանում է եղել նաև մի տղամարդ, որն ըստ "Осторожно, новости" տելեգրամյան ալիքի՝ Գրոզնիում հայտնի բիզնեսմեններից մեկի որդին է: Իրավապաշտպանները պնդում են՝ Այշաթին խեղդամահ են արել:
Ի՞նչ են պատմել Այշատի հետ վարձով ապրող ընկերները
Այն, ինչ կարելի է հրապարակել, ներկայացնում է Անի Չատինյանը. «Ավելի ուշ հասկանալով, որ ամեն ինչ ավելի խորանում է, սկսել են փնտրել գործակալությունների միջոցով, որպեսզի կարողանան գտնել մոտավոր այն տունը, այն տարածքը, որտեղ որ նմանեցնելով նկարներին ուղարկված այդ գիշերվա՝ փորձել են ընկերները գտնել այդ տունը, և հենց այդ միջոցով էլ կարողացել են գտնել և հայտնաբերել են հենց այդ տանը մահացած»։
Այշաթի ողբերգական այս դեպքից հետո Չեչնիայի մարդու իրավունքների պաշտպան Մանսուր Սոլտաևը հայտարարել է, թե անկախ իրավապաշտպաններն են մեղավոր ընտանեկան բռնությունից փախած և նրանց օգնությամբ Հայաստան հասած Այշաթ Բայմուրադովայի մահվան համար։ Պնդել է՝ այդ կազմակերպությունների աշխատակիցները «արտասահմանյան գործակալներ» են, որոնք «փոխադրել են աղջկան և կարող են պատասխանատու լինել սպանության համար»։
«Այսպիսի հայտարարությունները նորություն չեն մեզ համար»,- ասում է ռուս ակտիվիստ Ալիպատ Սուլթանբեկովան, որը Երևանի գլխավոր հրապարակից դիմում է հայերին. «Ես ուզում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ ձեր երկրում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել, սպանել են մարդուն ու առանց պատժվելու գնացել երկրից: Հետաքննությունը պետք է թափանցիկ լինի: Պետք է այդ մարդկանց գտնելու համար միջազգային հետախուզում հայտարարվեր: Որովհետև ձեր տանն իրենց տանտիրոջ պես են զգում օտարները, օրինակ՝ չեչեն ուժայինները, չէ՞ որ Հայաստանը ժողովրդավարության ձգտող երկիր է: Ձեր երկրում այսպիսի հանցագործություն է տեղի ունեցել, որ անթույլատրելի է, որ ձեր ղեկավարները ոչ մի հայտարարություն չեն արել մինչև հիմա այդ մասին: Մենք չգիտենք, թե վաղն ում հետ ինչ կպատահի, սա անվտանգության հարց է՝ ոչ միայն Հայաստանում գտնվող ռուսաստանցիների համար, այլև՝ բոլորի: Ինչո՞ւ է ձեր երկրում այսպիսի դեպք տեղի ունենում»։
23-ամյա Այշաթը Հայաստանի իրավապահներին ու ՀԿ-ներին չի տեղեկացրել, որ Չեչնիայից փախել է ընտանեկան բռնությունների պատճառով ու այստեղ Հայաստանի պաշտպանությունն է ակնկալում:
Նախորդ տարի էլ կրկին ընտանեկան բռնության պատճառով, Ինգուշեթիայից Հայաստան էր փախել Ֆաթիմա Զուրաբովան, բայց նրա հետևից Հայաստան՝ ուղիղ ոստիկանություն էին հասել բարձրաստիճան պաշտոնյա հորեղբայրն ու մայրը, որ համոզեն հետ գնալ: «Ազատության» տեղեկություններով՝ Ֆաթիման այլևս Հայաստանում չէ, երրորդ երկրում է գտնվում։
Միջազգային լրավամիջոցներում հաճախ են տեղեկություններ հայտնվում ընտանեկան բռնություններից տուժած կանանց մասին, որոնք հիմնականում Չեչնիայից են փախչում։ Նրանց մեծ մասին, սակայն, վերադարձրել են Չեչնիա ու, ըստ իրավապաշտպանների, սպանել։