Արմավիրի թեմի հոգևորականներից օգնո՞ղ չկար, որ թեմի հաշվապահն է ուղեկցում-օգնում պատարագի շտապող Սիոն արքեպիսկոպոսին, հարցնում է արմավիրցի Նարեկ Ղևոնդյանը։
«Միանշանակ թեմի քահանաները հրաժարվել են, Տեր Մկրտիչն օգնեց պատարագի ժամանակ Սիոն սրբազանին, ուրեմն այս պահի դրությամբ Արմավիրի թեմից միայն մի քահանա գտնվեց, ով միացավ այդ ամենին, մնացածը առնվազն այս պահի դրությամբ բարձրաձայն աջակցություն ցույց չեն տալիս հակաեկեղեցական արշավին», - ասաց Ղևոնդյանը:
Հայաստանի վարչապետի հոգևոր կյանքը փորձության առջև է կանգնեցնում եկեղեցու տարբեր թեմերի քահանաներին։ Արդեն հստակ է՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագների համար պետք է գտնել այնպիսի քահանա, որ կհամաձայնի աղոթքի տեքստից չեզոքացնել վեհափառի անունը։ Նարեկ Ղևոնդյանի տեղեկությամբ՝ այս թեմի քահանաների մեծ մասը հրաժարվել է դա անել, ինչպես Գյումրիում էր, և խորան է բարձրացել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսը։
Սիոն սրբազանն ինքը հերքում է՝ քահանաները բոլորն էլ համաձայնել են շրջանցել Գարեգին Երկրորդի անունը, ուղղակի ինքն է պատարագել, սակայն թեմի քահանաներից Տեր Տաճատն, օրինակ, հստակ հայտարարել էր՝ ուխտին ու վեհափառին հավատարիմ է։ Սիոն սրբազանը նաև չհստակեցրեց՝ ինչո՞ւ է նրան օգնողը Տեր Մկրտիչ քահանան, ոչ թե թեմի ավելի քան քսան հոգևորականներից մեկը։ Տեր Մկրտիչն էր նախորդ կիրակի Արմավիրից Շիրակ՝ Յոթ Վերք հասել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը մատուցելու համար։
Սիոն սրբազանը պատարագի ավարտի խոսքում մի քանի անգամ դիմեց «սիրելի վարչապետին»՝ ուրախ է, ավելին՝ ցնծում է, որ ղեկավարությունն է եկեղեցում։ Այս արքեպիսկոպոսը վեհափառին հանգստյան ուղարկող 10 միաբաններից մեկն է: Ամիսներ առաջ նրա ծիծաղն էր գալիս, երբ իշխանական թիմն սկսեց կաթողիկոսին հեռացնելու գործը։
Մայր Աթոռի 56 միաբաններից առայժմ 10-ն են, որ վեհափառի հրաժարականն են պահանջում, նրանց թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։ Արցախցիներն սկզբում անակնկալի եկան, թեմական խորհուրդը Վրթանես սրբազանի քայլը դատապարտեց, այժմ էլ քաղհասարակության մի խումբ անդամներ բաց նամակ են հղել վեհափառին, որում ասված է. «Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային հարթակներում»։
Արցախի հայոց թեմը «դավաճանված է, խնդրում ենք փոխել Արցախի թեմի առաջնորդին», կաթողիկոսին են դիմել արցախյան ավելի քան 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Զինվորի կողքին» կազմակերպությունից մինչև «Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա»։ Մայր Աթոռից խնդրագրին դեռ չեն արձագանքել։
Վարչապետը հոգևորականի բարեվարքության կանոններից է խոսել
Հայաստանի վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել՝ կաթողիկոսը հեռանում է, տեղապահ են նշանակում ու անցնում նոր կանոնադրությանը։
«Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն, այսինքն՝ մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի՝ հոգևորականը իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի», - նշել է վարչապետ Փաշինյանը։
Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությունը նույնպես, ըստ Նիկոլ Փաշինյանի, պիտի ֆիքսվի կանոնադրությամբ։ Այս առումով նա իր դժգոհությունը նաև գերմանական հանդիպումներում է հայտնել՝ հոգևոր թեմաներով չեն խոսում հոգևորականները, քաղաքական քարոզ են անում, ասել է Փաշինյանը. «Դարձել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է, և այդ ընկալումն էլ կա: Եվ այն օրը, այն օրվա այդ դրվագը, ես չգիտեի, ինձ բերեցին, ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օդանավակայանում դուրս է գալիս, ասում է. «Բա կոչերով հանդես են եկել, որ եկեք, դիմավորենք, և այլն, դուրս է գալիս, ասում է՝ բա ու՞ր է ժողովուրդը, ի՞նչ ժողովուրդ չկա, չկա ժողովուրդ»:
Շահարկումներ են. Մայր Աթոռ
Ո՞ւր է ժողովուրդը, շուրջ 10 օր է իշխանական թիմն ու կարգալույծ քահանաները կաթողիկոսի այս խոսքն են շրջանառում։
Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի՝ շահարկումներ են: Նա նախ ընդգծեց՝ վեհափառին օդանավակայանում դիմավորելու համար մարդիկ ինքնաբուխ էին եկել, կազմակերպված ոչինչ չկար, իսկ կաթողիկոսը «ո՞ւր է ժողովուրդը» հարցով փորձում էր հասկանալ, թե դեպի որ կողմը դիրքավորվի խոսք ուղղելու համար։
«Դա պարզապես տեխնիկական ճշտում էր՝ համախմբվածներին իր օրհնությունը փոխանցելու համար ընդամենը, հետևաբար մնացած բոլոր շահարկումները մանիպուլյացիա են ընդամենը», - ասաց Տեր Եսային: