Իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց Առաքելական եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը մտահոգիչ են, հայտարարել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իր ամենամյա հայտարարության մեջ ԹԻՀԿ-ն շեշտել է, որ անցնող տարում հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը։
Ըստ կենտրոնի՝ շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, «ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին»։
«Խիստ դատապարտելի են բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները», - նկատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլը»՝ հավելելով, որ այս ամենը խարխլում է հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և արժեզրկում ժողովրդավարության և հակակոռուպցիոն բարեփոխումների գաղափարը։
2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրության 2025 թվականի հունիսին հրապարակած տվյալները վկայում են, որ հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։
Կենտրոնը, հիշեցնելով, որ հաջորդ տարի նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, նկատել է, որ մեծագույն մարտահրավեր է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը, բացի այդ «չեն կարգավորվում և չեն սահմանափակվում նախընտրական քարոզարշավում փաստացի ներգրավված երրորդ անձանց (այդ թվում՝ փոխկապակցված ԶԼՄ-ների, հիմնադրամների, դիտորդական կազմակերպությունների) ներդրումները, ինչը ճանապարհ է հարթում ապօրինի ֆինանսավորման և արտաքին քաղաքական ազդեցությունների համար»:
ՀՀ իշխանությունները պնդում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: