Ամենասկզբում կուսակրոնության ուխտի խախտումն էր, հետո առաջ եկավ դրսի ու ներսի ուժերին ծառայելու մեղադրանքը։ Այժմ էլ կաթողիկոսին ուղղվող հաջորդ մեղադրանքն է ծավալվում. եկեղեցու կանոնադրության ստեղծումը դիտավորյալ ձախողել է, որ ինչպես ուզի կառավարի, պարտավոր է ու չի հրավիրում Ազգային եկեղեցական ժողով։
Փաշինյանի հետ հանդիպած, ապա Վեհափառի հրաժարականը պահանջած եպիսկոպոսները նույնպես շեշտադրում են այս հարցը. «Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել եկեղեցու մի կանոնադրություն, որ հետայսու կաթողիկոսների ու առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր սուրբ առաքելության իրականացումը»։
Վարչապետ Փաշինյանը, որ հակակաթողիկոսական արշավի առաջին ամսում «Կանոնագիրք հայոցի» ծանր հատորներով զինված էր խորհրդարան գնում, այժմ նոր կանոնների անհրաժեշտությունից է խոսում։ Հոգևոր նորոգման նրա քարտեզում նոր կանոնագրքի ընդունումը երկրորդ տեղում է՝ կաթողիկոսական տեղապահի ընտրությունից հետո: Վեհափառին հեռացնելու կետ չկա քարտեզում, ենթադրաբար այդ հարցը Փաշինյանը լուծված է համարում:
Մայր Աթոռը կանոնադրության բացակայության վերաբերյալ պնդումները անհարկի է համարում. եկեղեցական ժողովների ընդունած կանոններով ու հայրապետական կոնդակներով են առաջնորդվում դարեր շարունակ, իսկ նոր կանոնադրության կամ եկեղեցական սահմանադրության ուղղությամբ աշխատում են:
«Վեհափառ հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում», - ասված է հայտարարությունում։
Էջմիածնից արձանագրում են նաև, որ կանոններ մշակող հանձնախմբերի աշխատանքը խաթարված է, որովհետև դրանց ատենապետերը ազատազրկված են։ Իսկ ինչո՞ւ Ազգային եկեղեցական ժողով չի գումարվել կաթողիկոսական ընտրությունից՝ 99 թվականից այս կողմ։ Եկեղեցու գերագույն այս մարմնինն են ամենակարևոր գործառույթները՝ կաթողիկոս ընտրելուց մինչև դավանաբանական ու կանոնական որոշումների վավերացում։
«Մեր եկեղեցական կանոնների մի մասը գալիս են ավանդությունից։ Եպիսկոպոսական ժողովի կանոնադրությունը և մյուս կանոնադրությունները պատրաստ են, նախապատրաստ են, բայց Ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, որ դրանք հաստատվեն վերջնական», - ասաց Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող Վազգեն արքեպիսկոպոսը հիշում է՝ Գարեգին Երկրորդն իր ընտրվելուց անմիջապես հետո փոփոխությունների ինչ հույս էր տալիս. «Ասաց՝ «տղաներ, գալիս եմ բոլորիդ երազանքներ իրականացնելու՝ բարեփոխումներ, փոփոխություններ, ամեն հարցեր, կուսակրոնությունից սկսած կառավարման համակարգից, ամեն ինչից», բայց մենք մնացինք նույն տեղում, որտեղ որ կայինք»:
Երազանքներից մեկն էլ կուսակրոնության ուխտի վերացումն էր, բայց ոչինչ չփոխվեց. վերջին կես տարում պետություն եկեղեցի բանավեճում կողմերը հղում են անում դարերի վաղեմության կանոնների, օրինակ, ճիպոտահարել անհնազանդին կամ շնացողին և այլ ոչ նորաձև պատժատեսակներ։
Էջմիածինն այժմ հույս է տալիս՝ կանոնադրական ուղենիշները կան, առաջիկայում կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով, իսկ նախկինում այդպիսի ժողովներ չհրավիրվեցին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով. «Հուսով ենք, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ եկեղեցում տեղի կունենա Ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին»։
Թե ե՞րբ կհրավիրվի, Մայր Աթոռից ասացին, չգիտեն: Որ եկող տարի մի ժողով են անելու, որ հետո էլ Ազգային եկեղեցական ժողով կազմակերպեն, «Ազատության» հետ զրույցում դեռ Ամռանն ասել էր Գևորգ եպիսկոպոսը. «Դա նախապատրաստական ժողով է, որի նպատակը հետագայում ազգային եկեղեցական ժողով անելն է»։
Այդ ժամանակ այս սրբազանը դեռ հակակաթողիկոսական արշավին չէր միացել և կտրուկ էր ժխտում, թե Վեհափառի հրաժարականի թեմա կարող է շոշափվել այդ ժողովներում, որովհետև կուսակրոնության ուխտ է խախտել։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը կուսակրոնության ուխտից չի խոսում, ենթադրաբար այն պատճառով, որ Վեհարանի ազատագրական պայքարին միացած միաբանների այդ առումով խոցելի լինելու մասին նույնպես մամուլը բազմիցս է գրել, նախկինում ակտիվ կանոններ էր մեջբերում:
Այժմ նոր կանոններ են պետք, եթե պետք լինի, կառավարությունը խորհրդատվական աջակցություն էլ կցուցաբերի։
Կրանգետ Խաչատրյանը Փաշինյանի պլանը անընդունելի է համարում
«Սահմանադրության ո՞ր հոդվածով է դա էլի, մի հատ կարո՞ղ ենք դա հասկանանք: Վերցնենք ու սկսենք ներկայացնել ճանապարհային քարտեզ, ասենք որևէ կազմակերպություն ներկայացնում է ճանապարհային քարտեզ մեկ այլ կազմակերպության համար, որի գործերի մեջ մտնելու իրավունքը Սահմանադրությամբ չունի։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը», - ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը:
Խաչատրյանը Փաշինյանի պլանը կաթողիկոսի տեղապահի ու նոր կանոնագրքի վերաբերյալ անընդունելի է համարում. բովանդակությունը կապ չունի, վարչապետը եկեղեցու գործին է խառնվում: Իսկ Փաշինյանի պլանով հենց նոր կանոնագրքով էլ կանցկացվեն կաթողիկոսի արտահերթ ընտրություններ:
Ի դեպ, նույնիսկ Վեհափառի հեռացումը պահանջող հոգևորականներն են ասում, որ կանոնական գրքերից ոչ մեկով ցմահ ընտրված կաթողիկոսին հեռացնելու ձև չկա, եթե ինքը չի ուզում: