Ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակումից մեկ օր անց վարչապետ Փաշինյանը բռնությունը դատապարտող գրառում է արել: Անուն չի նշել, բայց ենթադրվում է, որ գրառման հասցեատերը բռնության ենթարկված նախկին պատգամավորն է:
«Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի», - գրել է վարչապետը:
Մի խումբ դիմակավորված անձինք երեկ կեսօրին հանրային վայրում հարձակվել էին Փաշինյանին կոշտ քննադատող ու ծաղրող նախկին պատգամավորի վրա, ծեծել նրան: Իշխանական բռնությունն այլևս դասակարգվում է որպես «հորդոր», «հայրական ապտակ», ծեծի ենթարկված Միհրան Հակոբյանն է հեգնանքով արձագանքել Նիկոլ Փաշինյանի գրառմանը:
Խոսքը պետք է ունենա ամրագրում նաև գործի տեսքով. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը չի հավատում Փաշինյանի խոսքերի անկեղծությանը: Որ բռնությանն իրականում դեմ լիներ ու դատապարտեր, ինքն ու իր շրջապատը ատելության ու բռնության բառապաշարով չէին արձագանքի իրենց քննադատներին, ընդդիմադիրներին, շեշտում է իրավապաշտպանը:
«Եթե առաջին դեմքի միջոցով հաղորդագրություն է գնում, որ անձին կարելի է ասֆալտին փռել, դա նշանակում է՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու կանաչ լույս», - ասում է Զարուհի Հովհաննիսյանը:
Երկրի ղեկավարն իր հայտարարություններով, բառապաշարով կանաչ լույս է վառել այն մեթոդների համար, որ իրավական պատկերացումներից դուրս են, ընդգծում է Զարուհի Հովհաննիսյանը: Հաշվեհարդարները հասել են եկեղեցու հետ հարաբերություններին, ըստ նրա, անպատժելիությունը խրախուսվում է ամենաբարձր ամբիոնից. «Ասել, որ պատարագի ժամանակ այս կամ այն անձի անունը չհնչեցվի, դա նշանակում է, որ մենք ունենք կանաչ լույս վառված քրեական հարաբերությունների, հաշվեհարդարների, որոնք դուրս են իրավական պատկերացումներից և քաղաքացիական դաշտում հասարակութան մեջ միմյանց հետ հաղորդակցվելու նոր մշակույթից, ուստի մենք կարող ենք ամրագրել, որ ոչ միայն հին մշակույթը պահպանվում է և անպատժելիություն է, այլև խրախուսվում է ամենբարձր աբիոններից», -«Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը: Նրա պնդմամբ՝ իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու մեթոդները չեն փոխվել, Փաշինյանի օրոք էլ, իրենից առաջ էլ նույնն է. «Մենք կարծես թե նույն շրջապտույտում ենք ապրում, մեթոդաբանությունը չի փոխվում»:
Միհրան Հակոբյանի փոխարեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է հաշվեհարդարի հնարավոր պատճառի ու հնարավոր պատվիրատուների մասին խոսել: Հարձակումը պայմանավորում է նախկին պատգամավորի հանրային գործունեությամբ, իսկ թե ում ցուցումով է եղել, իշխանությանն էր ակնարկում, բայց ուղիղ ոչ մեկի անունը չի նշել. «Այլ որևէ պատճառ պարզապես լինել չի կարող», - հայտարարել է Ռուբեն Մելիքյանը:
Հաշվեհարդարի հնարավոր պատվիրատուի մասին մի վարկած երեկ շրջանառվեց, որ կապված է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ: Ըստ լրատվամիջոցների՝ Միհրան Հակոբյանը ԱԱԾ պետի ու Գլխավոր դատախազի ինտիմ կապի մասին գրառում է արել ու հետո ջնջել, ենթադրել էին, որ Անդրանիկ Սիմոնյանն էլ կապ ունի այս հաշվեհարդարի հետ: Գլխավոր դատախազությունից ինտիմ կապի մասին լուրերը ամբողջությամբ հերյուրանք են որակում:
«Լուրերը տարածվում են այն շրջանակներից, որոնց շահերին լրջորեն վնասում է հակակոռուպցիոն պայքարը, պետական շահերի պաշտպանությունը և ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը»,- «Ազատությանն» ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսիեն Մարտիրոսյանը:
«Մեզ համար հասկանալի է, որ կոռուպցիոն շահերի պաշտպաններն այս անթույլատրելի վարքագծով փորձում են հարված հասցնել ՀՀ գլխավոր դատախազի գործունեությանը», - նշվում է դատախազության հաղորդագրությունում:
Ջնջված գրառման ու իր վրա հարձակման հնարավոր շարժառիթների մասին բռնության ենթարկված Միհրան Հակոբյանը դեռ որևէ բառ չի ասել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով: Ու, չնայած, դեպքը տեղի է ունեցել հանրային վայրում, մինչ այս պահը կասկածյալ չկա: