Թեև «Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում դեռ չի քննարկվել, այսօր աշխատանքային այցով Դավոսում գտնվող Հայաստանի վարչապետը հայտնեց՝ մեծ հավանականությամբ Ազգային ժողովն այն կընդունի:
«Եվրաքվե»-ի ներկայացրած ու կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովը վաղն արտահերթ նիստում է քննարկելու: Փաշինյանն այսօր Դավոսի տնտեսական ֆորումի պանելային քննարկմանը բացատրեց՝ օրինագծի ընդունումը իրավաբանորեն նշանակում է՝ Հայաստանի կառավարությունը սկսում է Եվրամիությանն ավելի ու ավելի մերձենալու գործընթացը։ Իսկ Եվրամիությանը մոտ լինելու ցանկությունը, Փաշինյանի խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է:
ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցրած և դժգոհությունների պատճառով կառույցի հետ համագործակցությունը դադարեցրած կառավարության ղեկավարը Դավոսում ևս պնդեց՝ Հայաստանը բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն է վարում: Նշեց՝ Եվրամիության հետ մոտենալու որոշման մասին խոսում են Իրանի, Ռուսաստանի, տարածաշրջանի մյուս երկրների հետ:
«Կարծում եմ՝ սա առաջ շարժվելու միակ պրագմատիկ ճանապարհն է, բայց չմոռանալով բալանսների մասին, որովհետև բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար, ոչ միայն կոնկրետ երկրի, այլ տարածաշրջանի և գլոբալ կայունության համար, որովհետև որևէ երկրում, նույնիսկ փոքր, ապակայունությունը կարող է լինել շղթայական։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, բալանսավորելը և բալանսավորված լինելն ամենակարևոր առաջադրանքն է», - ընդգծել է Փաշինյանը։
Շարունակելով ԵՄ-ի հետ համագործակցության թեման՝ Հայաստանի վարչապետը հույս հայնտեց, որ հնարավորինս շուտ կավարտեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, կարևորեց դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմաններին: Ասաց՝ հույս ունեն նաև տնտեսական կապերը խորացնել:
«Բայց մյուս կողմից մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաև մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետև, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետև մեր սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ էին և շարունակում են փակ մնալ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Որպեսզի փոխվի իրավիճակը, Փաշինյանը կարևորեց կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը, որն ասաց՝ ուղիղ կապ ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հետ. - «Հաճախ մարդիկ ինձ հարցնում են՝ արդյոք ես լավատե՞ս, թե՞ վատատես եմ այս հարցում։ Պետք է ասեմ, որ ես ո՛չ լավատես եմ, ո՛չ վատատես։ Ես պրագմատիկ եմ և կարծում եմ, որ պետք է աշխատենք այնքան, մինչև խնդիրը լուծվի»:
Հայաստանի վարչապետն այդ ճանապարհին ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը: