Մատչելիության հղումներ

Ձյունը բացում-փակում է դեպի Լարս ճանապարհը. շուրջ 600 հայկական բեռնատար է արգելափակված

Լրացված

Վրաստանում չդադարող առատ ձյունը բացում-փակում է դեպի Լարս տանող ճանապարհը։ Օրվա առաջին կեսի տվյալներով՝ ձնաբքի պատճառով ավելի քան 3000 մեքենա էր արգելափակվել, հիմնականում՝ բեռնատարներ, որոնցից շուրջ 600-ը՝ հայկական։

Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը փոխանցեց, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։

Մինչ եղանակային դժվար պայմանները պահպանվում են, տելեգրամյան և ինստագրամյան խմբերում տարբեր ազգերի վարորդները տեսանյութեր են հրապարակում և միմյանց տեղեկացնում, թե ինչ իրավիճակ է Լարս տանող ճանապարհներին։ Սոցցանցերի խմբերում վարորդներն իրար աչքալուսանք են տալիս վրացական կողմի տարբեր հատվածներում պարբերաբար բացվող ճանապարհների համար, հետո տեղեկացնում փակվելու դեպքում։ Արգելափակված հայ վարորդների հետ զրուցել «Ազատությանը» չի հաջողվում՝ նամակներն ու զանգերը տեղ չէին հասնում, հեռախոսային և ինտերնետ կապ գրեթե չկար։ Եթե նախկինում նրանք ակտիվ հարցազրույցներ էին տալիս, ապա այժմ հրաժարվում են՝ նշելով, որ անցակետերում հետո խնդիրներ են ունենում. իրենց դեմքով ճանաչում են, իսկ առանց տեսախցիկի խոսելիս էլ խնդրում են ձայնը փոխել և անուն-ազգանունն էլ չհայտնել:

Նրանցից է «Ազատության» զրուցակիցը, որ շուրջ 10 տարի Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային այս միակ ճանապարհով տարբեր ապրանքներ է արտահանում Ռուսաստան, ասաց՝ թեև վերջին տարիներին Լարսում կառուցված անցուղիների թիվն ավելացվել է, բայց իր տպավորությամբ հերթերը կկարգավորվեն, եթե ռուսական կողմը սկսի դրանք ճիշտ կառավարել:

Նախորդ տարի ամռանը Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել էր՝ հավանաբար 2025-ի վերջին պատրաստ կլինեն շուրջ 23 կմ երկարությամբ ասֆալտբետոնե երկշերտ ճանապարհը, հինգ կամուրջ ու հինգ թունել: Դրանք, վրացական կողմի պնդմամբ, կկրճատեն վարորդների ճանապարհը՝ եթե հիմա վարորդները Թբիլիսիից Ստեփանծմինդա են հասնում 2.5 ժամում, ապա դրանք շահագործման հանձնելուց հետո 1 ժամ 45 րոպե կտևի ճանապարհը:

«Ազատության» հետ զրույցում ներկայանալ չցանկացող բեռնափոխադրողն ասաց՝ անհամբեր սպասում է հատկապես Գուդաուրի-Կոբի շրջանցող ամենավտանգավոր ճանապարհին կառուցվող թունելի բացմանը, որն այս ձնաբքին ամբողջությամբ փակվել էր. «Թունելի երկու կողմերը բաց են, հիմա մոստերն են վերջացնում: Ամռանը 13 օր կանգնելը որտե՞ղ է խնդիրը: Տուրիստների հոսքը մեծ է, լավ, չի՞ լինում կառավարել: Եթե այդպես լինի, ուրեմն մենք միշտ խնդիր ունենք»:

Լարսի ճանապարհները մի կերպ հաղթահարող վարորդներն, ըստ նրա, տհաճ անակնկալների են հանդիպում նաև Հայաստան մտնելիս:

«Գալիս ենք, նաև Հայաստանի հերթերը տեսե՞լ եք: Հիմա որ ճանապարհները բացվեցին, մեքենաները եկան Հայաստան, կան 4 կայանատեղիներ վրացական կողմում, էլեկտրոնային հերթը վերցնում ես, սպասում: 250-300 մեքենա, կարող է 24 ժամ մենք կանգնենք, սպասենք դեպի Հայաստան...», - ասաց բեռնափոխադրողը:

Կառավարությունը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհի այլընտրանքային տարբերակ էր դիտարկում Բաթումի-Նովորոսիյսկ ծովային փոխադրումների ծրագիրը: Մեկնարկը տրվեց, պետբյուջեից շուրջ 1.2 միլիոն դոլար ծախսվեց, հետո, սակայն, ծրագիրն այդպես էլ չաշխատեց:

Ժամը 19:00-ի սահմաններում Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդը հայտնեց, որ Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի այս հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ավելի ուշ՝ 22:40-ին, Վահան Հակոբյանը փոխանցեց, որ Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքում երթևեկությունը կրկին սահմանափակվել է բեռնատարների համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

XS
SM
MD
LG