Երրորդ օրն է՝ Վրաստանի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան պատճառով ճանապարհը փակ է բեռնատարների համար, այսօր առավոտյան արդեն նաև մարդատարների համար փակվեց:
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատությանն» ասաց՝ շուրջ 200 հայկական բեռնատարներ Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ են կանգնած մնացել, 100-150-ն էլ՝ Վրաստանից դեպի Ռուսաստան ուղևորվող հատվածում. «Ըստ եղանակային կանխատեսումների՝ մինչև շաբաթվա վերջ նշված հատվածում տեղում կշարունակվեն»:
«Եղանակային պայմաններն իրենց հերթին են տարին 12 ամիս խոչընդոտներ ստեղծում Լարսում, Ռուսաստան-Հայաստան քաղաքական հարաբերություններն՝ իրենց: Լարսը կարծես ինդիկատոր լինի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց շուրջ երկու տասնամյակ բեռնափոխադրմամբ զբաղվող անանուն զրուցակիցը:
Վստահ չէ՝ արդյոք Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումից հետո են նոր խստացումներ սկսվել Լարսում, թե ոչ, բայց որ մի բան ռուսների սրտով չէ, հաստատ է, ասում է:
«Եթե ինչ-որ լարում է լինում Երևանի և Մոսկվայի միջև, այդ ամեն ինչն ազդում է Լարսում մեր արտահանման վրա», - նշեց նա:
Առաջին ընթերցմամբ անցած շաբաթ ընդունված օրինագիծը Մոսկվայի դժգոհություն է հարուցել, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար զգուշացնում են, որ ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը անհամատեղելի են:
Հայ-ռուսական բարդ հարաբերությունների հետևանքները հենց Լարսում իր բիզնեսի վրա զգացող «Ազատության» զրուցակիցը պատմեց՝ վերջերս խիստ ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես միրգ-բանջարեղեն տեղափոխող բեռնատարները: Դրանք սանիտարական զննություն են անցնում ռուսական անցակետում, իսկ դա ենթադրում է, որ շարքում 15-20 մեքենա կարող է հերթ կանգնել: Ասաց՝ ստուգվող մեքենաներն ամբողջովին պետք է դատարկվեն և այլն:
«Վերջում դեպք եղավ՝ խնձորով մեքենան 53 օր կանգնեց, հետո վերադարձավ Հայաստան: Պատկերացնո՞ւմ եք բեռնափոխադրողի կրած տուժն ու արտահանողինը: Իսկ այդ տարածքում միայն կայանատեղիի գումարը 1000 ռուբլի է», - նշեց նա:
Բեռնափոխադրողը չի ցանկանում ներկայանալ, որպեսզի հետո անցակետում խնդիրներ չունենա: Ըստ նրա՝ միրգ-բանջարեղենը երբեք 100 տոկոս անթերի չի կարող լինել: Ասում է՝ ռուսական կողմը դա շատ լավ գիտի, բայց երբ այլ պատճառներ են ունենում, ավելի են խստացնում ստուգումները:
Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանն, արձագանքելով բեռնափոխադրողի դժգոհություններին, ասաց՝ այդ ստուգումները նորություն չեն, ու հերքեց, թե դա որևէ կապ ունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:
«Ստուգումները միշտ լինում են, մի պահ կարող է խստացում լինել, մի պահ՝ թուլացում: Այնպես չէ, որ հատուկ երևույթ է», - նկատեց նա:
Իսկ առատ ձյունն ու բուքը դեռ փակ են պահում ճանապարհները Լարսում՝ առաջացնելով մեքենաների ավելի մեծ կուտակումներ:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.