Մատչելիության հղումներ

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ


Դավիթ Առուշանյան
Դավիթ Առուշանյան

ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն այսօր Շիրակի մարզպետ նշանակեց։ Մեկ շաբաթ առաջ նա հրաժարվել էր պատգամավորական մանդատից, իսկ մինչ այդ մասնակցել էր Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին և երկրորդ տեղը զբաղեցրել։

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար։ Ինձ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ, որ բոլորիս ջանքերով, Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու ենք», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Առուշանյանը։

Իշխող ուժը կառավարման 6-րդ տարում Շիրակում 6-րդ մարզպետն է փոխում։ Ամենաերկարը՝ շուրջ երկու տարի, պաշտոնավարեց Մուշեղ Մուրադյանը, ում և փոխարինում է Դավիթ Առուշանյանը։

Թե ինչու Մուրադյանին հանեցին այդ պաշտոնից, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ Մուրադյանը հրապարակավ չեն բացատրել։ Ավելին՝ անցած հինգշաբթի Մուրադյանը կառավարության շենք մտնելիս վստահեցնում էր, թե հրաժարականի դիմում չի գրել։

Մուշեղ Մուրադյան, արխիվ
Մուշեղ Մուրադյան, արխիվ

Կառավարության նիստում արդեն վարչապետը հայտարարեց, թե Մուրադյանը դիմումը գրել է, իսկ ինքն՝ արդեն նախկին մարզպետը, նիստից հետո չկարողացավ բացատրել՝ ինչու էր ընդամենը մեկ ժամ առաջ պնդում, որ հրաժարական չի ներկայացրել։

Դավիթ Առուշանյանին այս պաշտոնին նշանակելու հարցում մեծ դեր են ունեցել Գյումրիի փրայմըրիզի արդյունքները։ Վարչապետը նույնիսկ կատակեց, թե Շիրակը միակ մարզն է, որտեղ մարզպետին ոչ թե նշանակում, այլ ընտրում են։

«Նույնիսկ արդեն հումոր կա Գյումրիում այս թեմայով, ասում են՝ մնացած մարզերում մարզպետը նշանակովի է, Շիրակում՝ ընտրովի։ Առնվազն սխալ չի արտահայտում իրականությունը», - ասել էր Փաշինյանը։

Այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը դարձյալ ասաց, թե փրայմըրիզով ժողովրդավարության ևս մեկ մոդել են ներդնում։

«Մենք ժողովրդավարության ևս մի կարևոր ինստիտուտ ենք ներդնում Հայաստանի Հանրապետությունում, խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտն է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր երկրի ժողովրդավարական համարումը և ժողովրդավարությունը որպես ինստիտուտ ևս մի քայլով ամրացնում է», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ


Նա առաջարկեց, որ այս մոդելի շուրջ նաև ընդդիմադիրները մտածեն. - «Կա գաղափար, որ գուցե քննարկենք՝ ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով, բայց դա առանձին քաղաքական քննարկման թեմա»:

Փրայմըրիզին մասնակցել էր գյումրեցի ընտրողների միայն մեկ տոկոսը։ Ընդդիմադիրնները դրանք ձևական էին որակել ու պնդել՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիի արտահերթ ընտրություններից առաջ վարչական լծակ է կենտրոնացնում, ինչը իշխող ուժը կտրուկ հերքում է։

Սարիկ Մինասյանն ու Դավիթ Առուշանյանը հերքեցին լարված հարաբերությունների մասին տեղեկությունները

Իսկ փրայմըրիզում հաղթած ու ժամանակավոր քաղաքապետ նշանակված Սարիկ Մինասյանն արդեն համալրել է «Քաղաքացիական պայմանագրի» շարքերը, ասաց՝ դա բարոյական է։ Նա է Գյումրիում մարտի վերջին կայանալիք արտահերթում գլխավորելու ՔՊ-ի ցուցակը։ Վստահ է՝ կուսակցական դառնալու հանգամանքը չի խոչընդոտի իրեն։

Մամուլում հրապարակումներ կան, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակը պատրաստ է ու առաջին 10 համարներն անձեռնմխելի են։ Մինասյանն ասաց՝ դեռ վաղ է ցուցակի մասին մտածելը, ինչ վերաբերում է վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանին փոխքաղաքապետ նշանակելուն, նշեց՝ իրավազորություն չունի տեղակալներ նշանակելու այս պահին։

Իրենց լարված հարաբերությունների մասին տեղեկությունները հերքեցին թե՛ նորանշանակ մարզպետը, թե՛ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարը։ Մարզպետ Առուշանյանը նաև ասաց՝ այս պահին առաջնայինը ոչ թե արտահերթին նախապատրաստվելն է, այլ մոտ երկու ամիս առանց իշխանության մնացած Գյումրի խնդիրների լուծելը։

Կադրային կրճատումներ Գյումրիի քաղաքապետարանում

Դե իսկ Գյումրիի քաղաքապետարանում կադրային կճատումներ են։ Մինասյանն ավելի վաղ ասել էր, թե «սրա-նրա» մարդիկ կկրճատվեն։ Հիմա պնդում է՝ ազատվողներն իրենք են դիմում գրել։ Անցած շաբաթվանից Գյումրիի կառավարումը ստանձնած Մինասյանը խնդիր է համարում համայնքապետարանի աշխատողների ցածր աշխատավարձերը, ասում է՝ ուռճացված հատիքները կկրճատվեն, աշխատավարձերն էլ կբարձրացնեն։ Գյումրիի համայնքապետարանում աշխատավարձերը տարեսկզբին արդեն մի փոքր բարձրացել էին։

XS
SM
MD
LG