Յոթ տարվա դադարից հետո Սարիկ Մինասյանը վերադառնում է Գյումրիի քաղաքապետարան՝ այս անգամ որպես քաղաքապետի պաշտոնակատար։ Նա 4 տարի այս նույն շենքում ղեկավարել է բյուջեի ու եկամուտների բաժինը։
Կադրային ի՞նչ քաղաքականություն է վարելու. ո՞վ է մնալու, ո՞վ է գնալու։
«Բավականին մեծ մասին քաղաքապետարանի անձամբ ծանոթ եմ, միասին աշխատել ենք, իմ գործընկերներն են, ում գտնենք, որ իր աշխատանքի ընթացքում իրեն ճիշտ է դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել սրա, նրա մարդը, էդ մարդը կշարունակի աշխատել», - ասաց Մինասյանը:
Ինչպե՞ս է հասկանալու՝ ով ում մարդն է եղել. - «Գյումրին փոքր է, բոլորս մեկս մյուսին ճանաչում ենք, հաստատ կարող ենք տարանջատել»:
Գյումրիի փրայմըրիզի բոլոր յոթ մասնակիցներին առավոտյան ընդունել էր վարչապետ։ Այդ հանդիպումից հետո էլ ստորագրեց հաղթող թեկնածուին պաշտոնակատար նշանակելու որոշումը։
Մարտի վերջին կայանալիք տեղական արտահերթ ընտրություններում Սարիկ Մինասյանն է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը։ ՔՊ-ից ասում են՝ տրամաբանական կլինի, որ անկուսակցականը համալրի իշխող ուժի շարքերը։ Այսօր էլ այդ մասին տարածքային կառավարման նախարարն ակնարկեց, ով եկել էր ներկայացնելու Մինասյանին։ Բայց Սարիկ Մինասյանը դեռ հստակ չի ասում՝ պատրաստվում է անդամակցել իշխող ուժին, թե կշարունակի մնալ անկուսակցական։
Ավելի քան մեկ ամիս առանց իշխանության մնացած Գյումրիում Սարիկ Մինասյանը պետք է կարճ ժամանակում հասցնի և՛ կառավարման հարցերը լուծել, և՛ արտահերթին պատրաստվել:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ կառավարությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը երեկ կայացրեց, բայց այն ուժի մեջ է մտնելու փետրվարի 20-ին։ Ընդդիմադիրներն արդեն քննադատել են այս որոշումը՝ կարծիք հայտնելով, որ իշխող ուժը ժամանակ է ձգում իր ձեռքում վարչական լծակ կենտրոնացնելու համար։
«Ժամկետը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակ օր է սահմանել 2025 թվականի ընտրությունների անցկացման համար, և մենք այդ օրերից ընտրել ենք տարվան ավելի մոտ օրը: Այսինքն՝ սա ֆիքսենք, որ 2025 թվականի ընտրական առաջին օրն է», - պատասխանեց Խուդաթյանը:
Գյումրիի փրայմըրիզին նախորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ տեղի ՔՊ կառույցը թևերի է բաժանված։ Արդյոք վերջիններս կսատարե՞ն, թե՞ կփորձեն խանգարել, որ Մինասյանը համայնքի ղեկավար չընտրվի:
«Թիմի բոլոր անդամները, փրայմըրիզի մասնակից բոլոր թեկնածուները տրամադրված են ապահովելու Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և մեր թեկնածուի՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հաղթանակը», - ընդգծեց Դավիթ Խուդաթյանը:
Նախարարը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անակնկալ ու առանց բացատրությունների հրաժարականի մասին շատ չակերտներ չբացեց։ Արդյոք դա առնչություն ուներ թմրանյութերի սկանդալում հայտնված, ապա փրայմըրիզում պարտված, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ Մուրադյանը համարվում է Սարուխանյանի մտերիմը։
«Ե՛վ պարոն Սարուխանյանը, և՛ պարոն Մուրադյանը Գյումրիում մեր թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և այսքանով պիտի հարցը համարենք փակված», - նշեց նա:
Վարչապետն այսօր հաստատեց, որ պատգամավորի մանդատից հրաժարված, փրայմըրիզի արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Դավիթ Առուշանյանն է լինելու Շիրակի հաջորդ ՔՊ-ական մարզպետը։