Գյումրվա փրայմըրիզին մասնակցող 7 թեկնածուներն ընդամենը 3 օր քարոզարշավ անցկացնելու ժամանակ ունեն։ Ամեն մեկն իր նախընտրած տարբերակով է փորձում շահել գյումրեցիների սիրտը, որ քաղաքապետի աթոռին նստի։
Ամենաակտիվը Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյան է, Գյումրիի փողոցներում է շրջում ու բուկլետներ բաժանում։
Քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներից Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագրի» Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյան էլ այսօր տեխնոպարկի Արմինեի գրադարան այցելեց։ Շրջեց ու մի գիրք էլ ինքը նվիրեց՝ «Սինգապուրյան հրաշքի պատմությունը»։ Ի՞նչ է ակնարկում այդ նվերով:
«Նորանոր տեխնոլոգիաներ ու նոր գաղափարներ ներմուծելով կարելի է..., Գյումրին ունի այն պոտենցիալը, որ քաղաքը դառնա ավելի հրաշք», - պատասխանեց նա:
Քարոզարշավ որպես այդպիսին չի անցկացնում, ասում է՝ իրեն Գյումրիում ճանաչում են։ Մասնավոր հանդիպումներ կլինեն, բայց ավելի շատ նախընտրում է սոցիալական հարթակներով իր անելիքները ներկայացնել։
Թեկնածուներից ԱԺ-ի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը եռօրյա քարոզարշավին այլ տեսանկյունից է մոտենում. համարում է, որ 3 օրվա ընթացքում քարոզարշավ անելը քաղաքացու համար ընկալելի չի լինի։ Հանդիպումներ որպես այդպիսին չի անցկացնի նախընտրում է ավելի շատ իր ասելիքը փոխանցել սոցիալական կայքում ու հեռուստատեսային հարցազրույցներով։
Թեկնածուների մեծ մասը հենց այս տարբերակն են ընտրել։
Գյումրիի փողոցներում Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգականի Վահագն Մկրտչյանի փոքրիկ պաստառների հանդիպեցինք։ Ասում է՝ իր համակիրների խմբերը շրջում են բուկլտներ բաժանում են։ Վերջինս նախընտրում է Ֆեյսբուքյան իր էջում իր ասելիքը փոխանցել։
Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը ևս նախընտրում է իր ասելիքը փոխանցել սոցիալական հարթակների միջոցով։ Ուղերձով է դիմել գյումրեցիներին նաև ԱԺ-ի պատգամավոր եղած ժամանակ հանձնաժողովում իր բարձրաձայնած հարցերից մեկի մասին կիսվել։
ՔՊ-ական ավագանու գործող անդամ Շավարշ Արամյանը նույնպես սոցիալական հարթակում է ակտիվ. էջում իր քվեաթերթիկի համարով նկարներ են, նաև ասաց, թե անհատական հանդիպումներ է անցկացնում։
Եվ միակ կին թեկնածուն ՔՊ Շիրակի երիտթևի համակարգող Էմմա Բարսեղյանը ևս նախընտրում է սոցիալական հարթակով շփումը ընտրողների հետ։ Եկել է մեծ փոփոխությունների ժամանակը, այս կարգախոսով է մասնակցելու փրայմըրիզին։