Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգել է գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը, ժամեր առաջ ավարտված դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչի, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև փողերի լվացման համար:
«Դատարանն այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն՝ նորը և նախկինը պայմանականորեն, երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում: Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ՝ կա՛մ ավարտեք, գործը ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք», - ասաց փաստաբանը:
Քննչականն արդեն երկրորդ անգամ էր միջնորդություն ներկայացնում դատարան:
Ամռանը Ռուսաստանից Հայաստան եկած Կարապետյանն իրավապահների թիրախում հայտնվեց, երբ քննադատեց վարչապետի գլխավորությամբ եկեղեցու դեմ սկսված արշավը:
Գործարարի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացրին: