Դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում պահանջեց իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար:
Սրբազանին մեղավոր ճանաչելուց հետո դատարանն այսօր սկսել է լրացուցիչ լսումներ՝ պատժաչափը որոշելու համար։
Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։
Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը որակում է քաղաքական հետապնդում։ Պաշտպանական թիմն ինչպես այսօր, այնպես էլ ամբողջ դատավարության ընթացքում պնդում էր, որ գործընթացն ամբողջությամբ ապօրինի, և որ արդար դատավճիռի ակնկալիք չունեն դատավորից:
«Քաղաքական կուրսն այդպիսին է, որովհետև որ ասում եք՝ քաղաքական չէ, չմոռանանք՝ հոդվածն ինչ է, ումով սկսվեց այդ գործը, և այդ իշխանությունն ասում է, որ այսօր եկեղեցին արժեք չունի: Հիմա եկեղեցու վառ ներկայացուցիչներից մեկին ապօրինի ճանաչեցիք, մեղադրողն էլ եկել է, այդ մասին ոչինչ չի ասել», - ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ի դեպ, նախքան նիստն այսօր փաստաբաններն արդեն երրորդ անգամ բացարկ հայտնեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը կրկին մերժվեց։
Այս քրեական գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։
Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։
Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն 5 տարի խոսում է, բայց իրեն «հիմա են հիշել»։
Փաստաբաններն այսօր հայտնեցին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմելու արդարադատության համար:
Դատական նիստերն անցնում են լեփ-լեցուն դահլիճում։ Մեծ մասը հոգևորականներ են։ Նիստի ավարտին Նաթան արքեպիսկոպոսը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ այս ամենից տպավորություն ունի, որ «իրական Հայաստանում» փորձում են միայն մի հեղինակություն թողնել։ Օրհնեց, որ անարդարադատության ճարտարապետների զավակները երբեք նման բախտի չարժանան։
«Մեզ հայտնի է, որ Միքայել սրբազանի այս ամբողջ դատական գործը և հիմնական մեղքը նրանում է, որ նա Հայ եկեղեցու հոգևորական է, և պետք է Հայ եկեղեցու հոգևորականին որևէ կերպ պատժել: Ցավում եմ, որ մենք այսօր նման իրականության առջև ենք կանգնում «իրական Հայաստանում»: Այսօր ծրագիրը Հայ առաքելական եկեղեցին հեղինակազրկել, որովհետև «իրական Հայաստանում» միայն մեկ հեղինակություն կարող է լինել, մյուսները որևէ կերպ պիտի ոչնչացվեն, բայց թող մի բան իմանան՝ Աստծո տված հեղինակությունը մարդը չի կարող խափանել», - ասաց նա:
Թե ինչ պատժաչափ կորոշի դատարանը, հայտնի կդառնա շաբաթվա վերջում՝ ուրբաթ օրը՝ 17:30-ին: