Դատարանը մեղավոր ճանաչեց իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանից ընդամենը 1 ամիս ու 9 օր պահանջվեց նման վերդիկտ հրապարակելու համար, այն դեպքում, երբ բազմաթիվ այլ գործերով քննությունները տարիներ են տևում։
«Դատարանի հետևությունն այն է, որ Միքայել Աջապահյանին պետք է մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքով: Վերդիկտով նաև խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով», - հայտարարեց դատավերը:
Հաշված վայրկյանների ընթացքում ավարտված այսօրվա նիստին էլ ներկաները բուռն արձագանքեցին՝ բղավելով «ամոթ»:
Միքայել սրբազանն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացը քաղաքական հետապնդում է համարում
Շիրակի թեմի առաջնորդն իրեն մեղավոր չի ճանաչում, գործընթացն էլ որակում է քաղաքական հետապնդում։ Գործը հարուցվել է Սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարացազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղափոխության անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել, և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Թե ինչ պատիժ կընտրվի նրա նկատմամբ՝ հայտնի կդառնա հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 29-ին լրացուցիչ լսումներից հետո։ Հստակ է, որ նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։
Սա ապօրինությունների աննախադեպ ծավալ էր. փաստաբան
Թե՛ դատավարության ընթացքում, թե՛ ավարտին փաստաբանական թիմը պնդեց՝ գործընթացն անցել է խախտումներով և արդար վերդիկտի հույս չունեին.
«Մենք կրկին կանխատեսում ենք, ինչպես սա էր կանխատեսելի, որ ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատարանն էլ այնպիսի ազատազրկում է տալու, այնպիսի չափով, որ Միքայել սրբազանին պահեն փակի տակ: Այս երևույթը աննախադեպ էր: Արքեպիսկոպոսին խոսքի համար նման սահմանափակումների ենթարկելն աննախադեպ դաժան քայլ է, անմարդկային վերաբերմունք սրբազանի նկատմամբ: Բնականաբար, բողոքարկելու ենք: Մենք կալանքի որոշումները և երկարաձգումները նույնպես բողոքարկել ենք: Վերդիկտից հետո դատավճիռ է լինելու, դա ենք բողոքարկելու», - ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը:
Միքայել սրբազանի փաստաբանական թիմից Երեմ Սարգսյանն էլ ասաց. «Սա խախտումների աննախադեպ ծավալ էր, սա ապօրինությունների աննախադեպ ծավալ էր, և դատարանն, ակնհայտ, առաջին իսկ պահից գիտեր, որ ինքն անելու է այս ամեն ինչը: Նախորդ անգամ էլ եմ ասել, որ եթե դատավորն առաջին իսկ պահից այդ աստիճանի կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց առաջին նիստից սկսած գիտեր, թե ինչ է անելու հիմա: Որովհետև, եթե ինքը որոշեր, որ արդար է լինելու, կաշկանդվելու ոչինչ չուներ: Այստեղ գոյություն չուներ օրենք և արդարադատություն»:
Ի դեպ այսօր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը սև սքեմով էր, նախորդ բոլոր նիստերին, սակայն նրա հանդերձանքը մոխրագույն էր։ Խորհրդանշական էր այս մոտեցումը, թե ոչ, Շիրակի թեմի առաջնորդը չպարզաբանեց։ Դատարանի բակում էլ մեկ այլ խորհրդանիշ էր թփի տակ թաքնվել՝ սպիտակ աղավնի։
Այսօր Մայր Աթոռը հայտարարություն տարածեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերդիկտի մասին՝ հայտարարելով, որ «խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը»: