Մատչելիության հղումներ

Միքայել սրբազանի գործով դատավճիռը հավանաբար կհրապարակվի վաղը

Լրացված

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, 22-ը սեպտեմբերի, 2025թ.
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, 22-ը սեպտեմբերի, 2025թ.

Ավելի քան երեք ամիս ազատազրկված, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերդիկտը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի վաղը։ Ավարտական դատական նիստն այսօր ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտով։ Փաստաբաններից երեքը ռեպլիկով հանդես եկան, վաղն էլ վերջին ռեպլիկի իրավունքից կօգտվի Շիրակի թեմի առաջնորդը։

Մինչ այդ, այսօր մոտ երկու ժամ ընթացող դատական նիստի ժամանակ փաստաբանները շարունակում էին պնդել՝ կոչ չի հնչել, ամբողջ գործընթացը շինծու և ապօրինի է.

«Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ անելու մեջ, հետևաբար՝ մեղադրանքի կողմի ամենաառաջնային խնդիրը պետք է լիներ հենց այն, որ դատարանում մատնանշեին՝ դատարանին, հանրությանը, մեզ, կոնկրետ մատնանշեին, թե էդ հանցավոր կոչը, որ ասում են՝ «դու կոչ ես արել, սրբազան, հանցագործություն ես արել», գոնե պետք է ասեին՝ էդ կոչը որն է և ոնց է արտահայտվում»:

«Եթե խոսքը չունի կոչի ձևական բնութագիրը՝ հրամայական եղանակի բառի, ապա այն պարզապես խոսք է, ոչ թե կոչ: Նշված հանցակազմը չի պատժում վերլուծական խոսքի կամ քաղաքական կարծիքի համար: Եթե մեղադրանքը թույլ է տալիս կոչի բնույթը որոշել բացառապես համատեքստի կամ մենաբանության միջոցով, ապա սա դուռ է բացում կամայականությունների համար, այս դեպքում ցանկացած քննադատական կամ պատմողական խոսք, եթե այն հակաիշխանական է, կարող է մեկնաբանվել որպես կոչ: Սա անհնարին է դարձնում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությունը: Հետևաբար՝ նման դեպքում մեղադրանքն ինքնին չի կարող գոյություն ունենալ»:

«Հիմա այս ամբողջ հարցազրույցից՝ 30 րոպե, մեղադրանքի կողմը առանձնացրել է չորս բան, գաղափարը դա է, որ Միքայել սրբազանը իր կեսժամանոց խոսքի մեջ ասել է, որ «անհրաժեշտ է ռազմական հեղաշրջում անել, ես դրա մասին ասել եմ պատերազմի օրերին»: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ նման խոսքերի համար անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, Միքայել սրբազանը պետք է արդարացվի»:

Սրբազանի դատավարությունն ընթանում է շատ արագ. ընդամենը մեկ ամսվա ընթացքում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ հետազոտվեցին ապացույցները, հնչեցին մեղադրական և հինգ պաշտպանական ճառերը, վերջին խոսքով հանդես եկավ ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը։

62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, նախորդ նիստում պնդել էր, որ սա քաղաքական հետապնդում է. - «Քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից, բացահայտ և անթաքույց, որը նաև մտնում է ընդհանուր եկեղեցական, եկեղեցահալած իրենց թվացյալ այս քաղաքականության մեջ»:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Փաստաբանական թիմն ամբողջ դատավարության ընթացքում կասկածում էր, թե դատավորը կարող է արդար վերդիկտ հրապարակել, պնդելով, որ ամբողջ գործընթացը՝ սկսած խուզարկությունից մինչև ձերբակալություն ու դատավարություն, խախտումներով է տեղի ունեցել։

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել արքեպիսկոպոսը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը, սակայն, հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ ևս:

Սրբազանը դատավարության ընթացքում հռետորական հարց էր ուղղել մեղադրող կողմին ու դատավորին՝ արդյո՞ք հեղաշրջման անհրաժեշտության մասին իր խոսքերից հետո որևէ մեկը գնացել և փորձել է զավթել իշխանությունը. - «Երեք միլիոն վարչապետերից որևիցե մի վարչապետ գնացել վարչապետի աթոռը քաշե՞լ է տակից, ասելով՝ այ, սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը տուր, իմն է»։

Դատավարությունն անցնում է հիմնականում լեփ-լեցուն դահլիճում, այսօր էլ բացառություն չէր: Դահլիճում հիմնականում հոգևորականներ են և Շիրակի մարզից ժամանած մարդիկ:

Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն-եկեղեցի հակասությունների ֆոնին։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ գարնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով պահանջում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարականը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG