Մոտ երեք ամիս ազատազրկված, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր վերջին ռեպլիկը կուղղի դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որն էլ ժամեր անց կկայացնի վերդիկտը՝ ազատություն շնորհե՞լ, թե՞ ազատազրկել Շիրակի թեմի առաջնորդին։
Օգոստոսի 15-ին մեկնարկած և փաստացի մեկուկես ամսում ավարտական փուլ մտած դատավարության ողջ ընթացում փաստաբանական թիմը պնդում էր, որ գործընթացն անցնել է խախտումներով, և կասկած հայտնում, որ դատարանն արդար որոշում կկայացնի։ Երեկ էլ իր վերջին ռեպլիկով փաստաբան Երեմ Սարգսյանը շարունակեց պնդել՝ իր պաշտպանյալը որևէ կոչ չի արել և պետք է արդարացվի։
Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ
Միքայել արքեպիսկոպոսը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը, սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:
62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ այն որակում է քաղաքական հետապնդում։ Դատարանում իր վերջին խոսքում սրբազանը, այդուհանդերձ, հայտարարեց՝ դատարանից ազատություն չի աղերսելու, քանի որ ինքն իրեն ազատ է զգում անգամ ճաղերի ետևում։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։