Կանադայի, Չինաստանի և Մեքսիկայի նկատմամբ համընդհանուր մաքսատուրքեր սահմանելուց հետո ԱՄՆ նախագահը կարող է հաջորդիվ նույն քայլն անել Եվրամիության դեմ։
Փետրվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց. «ԵՄ-ն չի գնում մեր մեքենաները, մեր գյուղմթերքը։ Նրանք ամերիկյան շուկայից գրեթե ոչինչ չեն վերցնում, մինչդեռ մենք նրանցից գնում ենք ամեն ինչ»։
Շատերի համոզմամբ՝ նախագահի այս ելույթը թափանցիկ ակնարկ էր, որ հնարավոր է՝ հարցն ավարտվի մաքսատուրքերի սահմանմամբ։
Բրյուսելի շատ պաշտոնյաների համար, համենայնդեպս, հստակ է, որ խոսքը ոչ թե «կլինի, թե ոչ»-ի մասին է, այլ՝ ժամկետի։ ԵՄ պաշտոնյաները, որոնց հետ ես զրուցել եմ, կարծում են, որ Վաշինգտոնը մաքսատուրքեր կարող է սահմանել արդեն մարտին, քանի որ նախագահ Թրամփը պահանջել է ամերիկյան գործակալություններից մինչև ապրիլ հետաքննել՝ որտեղ են դաշնակիցները «անարդար» Նահանգների նկատմամբ:
Մինչ Սպիտակ տունը գործի կանցնի, ԵՄ դիվանագետները աշխատում են գրեթե շուրջօրյա ռեժիմով, նրանցից մի քանիսը դեռ կարծում են, որ Վաշինգտոնի հետ հնարավոր է համաձայնության հասնել։ Նրանց մարտավարությունը պարզ է՝ պահպանել սառնասրտություն և կենտրոնանալ ԱՄՆ-ի գործողությունների, ոչ թե հայտարարությունների վրա:
«Տեսնենք, թե ինչպես կարձագանքեն շուկաները», - ասաց ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝ հուսալով, որ անդրատլանտյան առևտրային պատերազմը մեծ վնաս կհասցնի երկու կողմերին էլ և իր ազդեցությունը կթողնի Ուոլ Սթրիթում, Սպիտակ տանը և Կոնգրեսում։
Իրականում, զոհասեղանին շատ բան է դրված։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի առևտուրն ու ներդրումները կազմում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 42 տոկոսը: Անցյալ տարի երկկողմ առևտրային հոսքերը կազմել են 1,6 տրիլիոն եվրո (1,64 տրիլիոն դոլար), իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միմյանց տնտեսություններում ներդրել են ավելի քան 5 տրիլիոն եվրո:
ԵՄ պաշտոնյաները և դիվանագետները հուսով են, որ իրենց կարծիքը կհայտնեն հաջորդ շաբաթ, երբ ԱՄՆ պաշտոնյաները կմեկնեն Եվրոպա։ Փետրվարի 13-ին, մասնավորապես, Բրյուսել կժամանի ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթը՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու: Դրանից մի քանի օր անց էլ ԱՄՆ փոխնախագահ Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կժամանեն Մյունխեն՝ Անվտանգության ամենամյա խորհրդաժողովին։
Բանակցություններում Եվրոպան մի գրավիչ խաղաքարտ ունի՝ կարող է առաջարկել ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ բնական գազ գնել: Սա բխում է և՛ նախագահ Թրամփի շահերից, ով թույլատրել է լրացուցիչ հորատումներ, և՛ եվրոպացիների, որոնք ամեն գնով փորձում են հրաժարվել ռուսական գազից:
Գործարքի գնալու համար ԵՄ-ն կարող է նաև մեծացնել ամերիկյան զենքի ներկրումները: Թրամփի նոր վարչակազմը հորդորում է եվրոպացիներին մեծացնել պաշտպանական ծախսերը, Բրյուսելն էլ չի թաքցնում, որ ցանկանում է ավելի շատ գումար ծախսել զենքի վրա, ուստի «ամերիկյանը գնելը» կարող է լինել լուծման մի տարբերակ:
Բրյուսելը կարող է գործի դնել նաև այլ մարտավարություն՝ թույլ տալով, որ ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները՝ X-ը և Meta-ն, խուսափեն ահռելի տուգանքներից, որոնց կարող են ենթարկվել դաշինքի առցանց բովանդակության կանոնակարգերը խախտելու համար:
Բայց ակնհայտ է, որ բանակցությունները հեշտ չեն լինելու․ տևական ժամանակ է՝ ԵՄ-ն ավելի շատ ապրանք է արտահանում ԱՄՆ, քան ներմուծել է: 2023 թվականին առևտրի դեֆիցիտը կազմել է 155 միլիարդ եվրո, ինչը հեղուկ գազ կամ ամերիկյան զենք գնելով միայն արագ չի վերականգնվի։
Կա նաև դաշինքի միասնության հարցը․ որոշ անդամ երկրներ ավելի շատ են արտահանում և ըստ այդմ՝ ավելի խոցելի են, օրինակ՝ Գերմանիան իր շքեղ մեքենաներով:
Եթե մաքսատուրքերը սահմանվեն, ԵՄ-ն կպատասխանի, բայց, ինչպես ինձ ասաց ԵՄ դիվանագետներից մեկը, պատասխանը կլինի ոչ «մեկին մեկ»: Անցյալ տարվանից Եվրահանձնաժողովը քննում է՝ որոնք կարող են լինել պատասխան քայլերը։
Անդրատլանտյան առևտրային վեճեր նախկինում էլ են եղել: Թրամփի առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ը մաքսատուրքեր սահմանեց պողպատի և ալյումինի վրա, ինչին Բրյուսելը պատասխանեց մաքսատուրքեր սահմանելով դասական ամերիկյան ապրանքների՝ Harley Davidson-ի և վիսկիի՝ Բուրբոնի նկատմամբ:
Իրականությունը, սակայն, այն է, որ Ամերիկան Եվրոպային ավելի շատ է պետք՝ թե՛ անվտանգության, թե՛ արտահանման համար, քան Եվրոպան՝ Ամերիկային: Եվրոպացի առաջնորդները գիտեն դա։ Ինչպես և Թրամփը։