ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամա կատարած այցի ժամանակ նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյին հայտնել է, որ անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ Պանամայի ջրանցքի գործունեության մեջ։ Այս ջրանցքը հիմնական ծովային ուղի է, որը կապում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները։
Պետքարտուղարության ներկայացուցչի խոսքով՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եկել է այն եզրակացության, որ Չինաստանի ազդեցությունը սպառնում է Պանամայի ջրանցքի աշխատանքին։ Պանամայի իշխանությունները հերքում են ջրանցքի վերահսկողությունը Չինաստանին հանձնելը։
Reuters գործակալության տվյալներով՝ ջրանցքը վերահսկվում է հենց Պանամայի կողմից։ Սակայն երկու նավահանգիստ՝ ջրանցքի երկու կողմերում, կառավարվում են Հոնկոնգում գրանցված մի ընկերության կողմից, մինչդեռ այլ նավահանգիստներ գտնվում են ԱՄՆ-ի, Սինգապուրի և Թայվանի ընկերությունների վերահսկողության ներքո։
Ռուբիոն, իր ուղևորությունից առաջ, նախազգուշացրել էր, որ Չինաստանը, վերահսկելով նավահանգիստների օպերատոր ընկերությունը, կարող է փակել ջրանցքը հակամարտության դեպքում։
«Եթե Չինաստանի կառավարությունը հակամարտության դեպքում նրանց հրահանգի փակել Պանամայի ջրանցքը, նրանք ստիպված կլինեն դա անել։ Եվ, իրականում, ես չեմ կասկածում, որ նրանք ունեն անսպասելի իրավիճակների համար նախատեսված ծրագրեր՝ դա իրականացնելու համար։ Սա ուղիղ սպառնալիք է»,- մեջբերում է Ռուբիոյի խոսքը «Ամերիկայի Ձայն»-ը։
Թրամփը, ընտրվելուց հետո, բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել վերահսկողությունը ջրանցքի նկատմամբ, սակայն չի հստակեցրել, թե ինչ է ենթադրում այդ հայտարարությունը։ Պանամայի ջրանցքի գոտին, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, երկար ժամանակ կառավարվել է ԱՄՆ-ի կողմից, սակայն 1999 թվականին վերջնականապես անցել է Պանամայի իրավասության տակ։