ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել ամբողջ ֆինանսական օգնությունը Հարավային Աֆրիկային։ Նա Truth սոցիալական ցանցում գրել է, թե այդ երկիրը բռնագրավում է հողերը և ծայրահեղ վատ վերաբերմունք է ցուցաբերում «որոշակի դասերի մարդկանց» նկատմամբ։
Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ դեպքերի մասին է խոսքը, սակայն նշել է, որ Հարավային Աֆրիկայում տեղի են ունենում մարդու իրավունքների մասշտաբային խախտումներ, որոնք ԱՄՆ-ը չի հանդուրժի։
Հարավային Աֆրիկայի իշխանություններից դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։
Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության վերջին տվյալներին, նշում է, որ 2023 թվականին ամերիկյան օգնության ընդհանուր չափը Հարավային Աֆրիկային կազմել է մոտ 440 միլիոն դոլար։
ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ով ներկայումս նաև G20-ի նախագահն է, ավելի վաղ շնորհավորելով Թրամփին ընտրություններում հաղթանակի առթիվ, հույս է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ «Ես չեմ անհանգստանում մեր հարաբերությունների համար», – մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը հունվարի 22-ի հրապարակման մեջ։
Հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը և իր երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը ստորագրեց հրաման, որով Պետդեպարտամենտին հանձնարարեց կասեցնել օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության ծրագրերը։