Մատչելիության հղումներ

Թրամփը նոր մաքսատուրքեր է հայտարարել Կանադայի, Մեքսիկայի, Չինաստանի նկատմամբ. ինչի՞ սա կհանգեցնի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի նկատմամբ նոր կոշտ մաքսատուրքեր է սահմանել, որոնք հիմք են ստեղծում Միացյալ Նահանգների երեք խոշորագույն առևտրային գործընկերների հետ առևտրային լարվածությունն ուժեղացնելու: Թրամփը փետրվարի 1-ին հայտարարեց խոստացված տնտեսական քաղաքականության մասին՝ ասելով, որ Վաշինգտոնը կհարվածի Կանադային և Մեքսիկային՝ սահմանելով 25 տոկոս սակագներ բոլոր ապրանքների համար, կանադական էներգակիրների համար, մինչդեռ, գործում են ավելի ցածր՝ 10 տոկոս սակագներ:

Նա ասել է, որ դրանք կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ միգրանտների և անօրինական ֆենտանիլի հոսքը Միացյալ Նահանգներ չի դադարեցվել, չնայած այդ խնդիրների պատճառները լայնորեն քննարկվում են և կապված են մի շարք բարդ գործոնների հետ: Նոր սակագները ներառում են նաև Չինաստանից ապրանքների 10 տոկոս մաքսատուրք: Բոլոր երեք երկրների ապրանքների նոր հարկերը կսկսեն գործել փետրվարի 4-ից:

Ծայրահեղ գործողությունները կարող են առևտրային պատերազմ հրահրել, որը, իր հերթին, կարող է զգալի վնաս հասցնել թիրախ երկրների և Միացյալ Նահանգների տնտեսություններին, հատկապես այն պատճառով, որ Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից սպասվում են պատասխան գործողություններ:

Թրամփի ստորագրած հրամանագրում ներառված է նաև կետ, որը թույլ է տալիս նախագահին ընդլայնել մաքսատուրքերը, եթե որևէ երկիր պատասխան միջոցներ սահմանի Միացյալ Նահանգների դեմ:
Հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո Կանադան և Մեքսիկան հայտնեցին, որ պատրաստում են իրենց սեփական քայլերը:

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր երկիրը պատասխան մաքսատուրքեր կսահմանի, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է «հեռուն գնացող» պատասխան քայլերի մասին:

Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Պեկինը Միացյալ Նահանգների դեմ հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և «համապատասխան հակաքայլեր կձեռնարկի» առանց դրանք մանրամասնելու:

Կանադան, Մեքսիկան, Չինաստանը պատասխանում են

Թրամփի նոր սակագներից տուժած երեք երկրները միասին անցյալ տարի կազմել են Միացյալ Նահանգներ ներմուծման ավելի քան 40 տոկոսը:

Իր հեռուստատեսային ելույթում Շեյնբաումը հայտարարել է, որ հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին ի պատասխան տարբեր միջոցներ ձեռնարկել, ներառյալ ամերիկյան ապրանքների հնարավոր 25 տոկոս մաքսատուրքերը: Նա «զրպարտություն» է անվանել այն մեղադրանքները, որ Մեքսիկայի կառավարությունը հանցավոր կազմակերպությունների հետ դաշինք է կնքել, ասելով, որ Վաշինգտոնը պետք է ավելին անի՝ կարտելների կողմից օգտագործվող ապօրինի զենքի հոսքը Մեքսիկա զսպելու համար:

Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ բաց է ԱՄՆ-ի հետ խնդիրներում լուծում գտնելու համար, միաժամանակ հավելել, որ «խնդիրները լուծվում են ոչ թե սակագների սահմանման, այլ բանակցությունների միջոցով»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղեկացրել է, որ Օտտավան կպատասխանի՝ սահմանելով 25 տոկոս մաքսատուրք 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար, որոնք փուլ առ փուլ կսահմանվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Մամուլի ասուլիսի ժամանակ Թրյուդոն նաև ասել է, որ դիտարկում են կարևորագույն օգտակար հանածոների և ԱՄՆ-ից գնումների հետ կապված միջոցառումներ:

«Մենք չենք ուզում այստեղ լինել, մենք դա չենք խնդրել», - ասել է Թրյուդոն, - «Բայց մենք չենք նահանջի՝ պաշտպանելու կանադացիներին»։

Այնուհետև նա հերքել է Թրամփի նախկին պնդումները, որ ԱՄՆ-Կանադա սահմանը անվտանգության սպառնալիք է ներկայացնում՝ ասելով, որ Միացյալ Նահանգներ ներկրվող ֆենտանիլի մեկ տոկոսից պակասը գալիս է հյուսիսային սահմանով:

Թրյուդոն նաև կոչ է արել կանադացիներին «ավելի քիչ ամերիկյան արտադրանք գնել»: «Ընտրեք Կանադական ապրանքներ և ծառայություններ, այլ ոչ թե ամերիկյան», - ասել է նա:

Կանադայի վարչապետը, սակայն, բաց է թողել Վաշինգտոնի հետ հետագա քննարկման դուռը՝ ասելով, որ Օտտավան պատրաստ է գրեթե 1 միլիարդ դոլար ներդնել սահմանների անվտանգության համար՝ մաքսատուրքերից խուսափելու համար:

Չինաստանի նկատմամբ սահմանված 10 տոկոս մաքսատուրքը կավելացվի նախկին սակագներին, որոնք սահմանվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և Թրամփի կողմից իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում:

Պեկինը խոստացել է գործողություններ ձեռնարկել ԱՀԿ-ում և այլ հակաքայլեր ևս, որոնք «հուսալիորեն կպաշտպանեն իր իրավունքներն ու շահերը»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն ֆենտանիլի վերաբերյալ իր դիրքորոշման՝ մատնանշելով արտահանման խիստ սահմանափակումները, որոնք սահմանվել են 2019 թվականին:

Ինչի՞ սա կհանգեցնի

Նոր արժեքները կարող են հանգեցնել սպառողների համար ծախսերի զգալի աճի, մատակարարման շղթաների խաթարման և տարբեր ոլորտներում աշխատատեղերի կորստի:

Կանադան, Մեքսիկան և Միացյալ Նահանգները խորապես ինտեգրված տնտեսություններ ունեն, և ըստ հաշվարկների՝ օրական 2 միլիարդ դոլար արժողությամբ արդյունաբերական ապրանքներ են անցնում այդ սահմաններով:

Տնտեսագետներից ասում են, որ սակագները և դրան հաջորդող արձագանքները կարող են բարձրացնել ապրանքների լայն տեսականիների գները և առաջացնել գնաճ: Դա պայմանավորված է նրանով, որ ներմուծողները, այլ ոչ թե ապրանքներ արտահանող երկրներն են վճարում են տուրքերը, և նրանք, որպես կանոն, գների բարձրացման տեսքով են լուծում այս խնդիրները:

Հունվարի 31-ին Թրամփը խոստովանել է, որ սակագները կարող են հանգեցնել որոշ «կարճաժամկետ խափանումների», բայց նաև պաշտպանել է այս քաղաքականությունը՝ պնդելով, որ սրանք «մեզ կդարձնեն շատ հարուստ և շատ ուժեղ, և մենք արդարամտորեն ենք վերաբերվելու այլ երկրներին»:

Վաշինգտոնում տեղակայված Պետերսոնի միջազգային տնտեսության վերլուծական ինստիտուտի հունվարյան զեկույցը նշում է, որ սակագները կդանդաղեցնեն տնտեսական աճը և կարագացնեն գնաճը, և որ այս քայլերը կվնասեն Կանադայի, Չինաստանի, Մեքսիկայի և Միացյալ Նահանգների տնտեսություններին:

Ողջունում են Թրամփի մաքսատուրքերը


Ազդեցիկ ուղիների և միջոցների հանձնաժողով ղեկավարող կոնգրեսական Ջեյսոն Սմիթը (Հանրապետական Միսսուրիից), որը վերահսկում է հարկման, եկամուտների և պետական ծախսերի հետ կապված խնդիրները, բարձր է գնահատեց այս քայլը:

«Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ներմուծման սակագները հզոր ազդանշան են այն մասին, որ Միացյալ Նահանգներն այլևս դուրս չի մնա, մինչ այլ երկրներ ի վիճակի չեն դադարեցնել անօրինական թմրանյութերի և ներգաղթյալների հոսքը մեր երկիր», - նկատել է նա փետրվարի 1-ին արած հայտարարության մեջ:

«Այդ քայլերը նաև ԱՄՆ կառավարությանը կբերեն միլիարդների նոր եկամուտներ», - ընդգծել է կոնգրեսականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG