Մատչելիության հղումներ

Ճամբարակում կրակոց չեն լսել, բայց Սյունիքի գյուղերի ուղղությամբ դրանք չեն դադարում


Խնածախ, Սյունիք, արխիվ
Խնածախ, Սյունիք, արխիվ

Ադրբեջանը պաշտպանության նախարարությունն այսօր դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ այս անգամ Գեղարքունիք մարզի Ճամբարակից հրաձգային զենքով «հրադադարը խախտելու մեջ»: Ընդ որում՝ Բաքուն հայտնել է, որ ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել այս ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հրադադարը խախտելու Բաքվի մեղադրանքը՝ չանդրադառնալով պատասխան կրակ բացելու ու հայկական դիրքերը թիրախավորելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմանը:

Ադրբեջանական դիրքերից մոտ մեկ կմ հեռավարության վրա գտնվող Ճամբարակի բնակիչներից մեկն անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր ինքը կրակոց չի լսել:

Փոխարենը կրակոցները նույն տեմպով շարունակում են ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում: Խոզնավարում անցած օրերին էլ պատկերը գրեթե չի փոխվել, փոխանցեց վարչական ղեկավար Վահան Զաքյանը:

Օրերս Խոզնավարում Ադրբեջանի զինուժի կրակոցի հետևանքով 73- ամյա Ռուբեն Խաչատրյանի տան պատուհանն էր վնասվել: Պատկան մարմիններից եկել են, փոխհատուցում տրամադրել, ով է եղել՝ Ռուբեն Խաչատրյանը չգիտի, ասում է՝ Գորիսից էին:


Ադրբեջանը հանգիստ չի տալիս նաև Խնածախի բնակիչներին՝ գիշերն էլ կրակել են, ասում են տեղացիները՝ հավելելով, որ օր կա շատ են կրակում, օր կա՝ քիչ: Դիրքային է, թե գյուղի վրա, նրանք հաճախ չեն կողմնորոշվում: Պաշտպանական գերատեսչությունն այս ընթացքում 4 դեպքի մասին է հաղորդել՝ բնութագրելով դրանք որպես թիրախային կրակ, երբ քաղաքացիական ենթակառուցվածք է վնասվել:

«Կրակում են, տանիքներին կպնում է, մեկ ամիս շարունակում էս վիճակում, մարդիկ այգիներն էլ վախենում մշակել, անասնապահության հարցում էլ վախենում են», - ասաց տեղացիներից մեկը:

Անասնապահության հետ կապված էլ նույն խնդիրն է՝ խնածախցի հովիներին ադրբեջանցիները վիրավորում են, սպառնում, պատմեցին «Ազատության» զրուցակիցները:

Գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն արդեն մեկ ամսից ավելի է՝ շարունակվում են, դրանք սկսվեցին հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից մի քանի օր հետո:

Ինչպես նախորդ դեպքերում, պաշտոնական Երևանն այսօր ևս առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս հենց Ադրբեջանը չի արձագանքել։ Հայկական կողմը դարձյալ պատրաստակամություն է հայտնել նաև հրադադարի խախտումների մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը հետաքննել, եթե դրանք Հայաստանին փոխանցվեն:

Չդադարող կրակոցների ֆոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անցկացնում, օրեր առաջ էլ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վարժանքների համար մեկնել էին Թուրքիա։ Զորավարժություններ հարևան երկրում անցկացվել էին նաև մարտին ու փետրվարին։

XS
SM
MD
LG